Ապրիլի 21-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ «ձախ հետույքային շրջանի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա, հաղորդում է Shamshyan.com-ը:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Տեղում բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո վիրավորին տեղափոխել են «Մուրացան» մանկական հիվանդանոց և շնորհիվ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի և «Մուրացան» մանկական հիվանդանոցի բուժանձնակազմերի՝ երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել։
Ոստիկանները պարզել են որ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա Ս. Ա.-ն է, ով սովորում է Երևանում հայտնի քոլեջներից մեկում, իսկ դեպքը տեղի է ունեցել Ծարավ Աղբյուրի փողոցում՝ «Աթենք» մսամթերքի գործարանի հարևանությամբ, որտեղ Երևանի բնակիչ 16-ամյա Ս. Գ.-ն, ըստ նախնական տեղեկությունների՝ անհաջող կատակելու հետևանքով, իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է Ս. Ա.-ին, ինչի հետևանքով մարմնական վնասվածք է պատճառել։
Ոստիկանները ու քննիչները հայտնաբերել են նաև կասկածյալին, ով հայտնել է, որ դանակը ինքը նետել է մոտակա աղբամաններից մեկի մեջ։
Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկաններն էլ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Կասկածյալն էլ սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 10-րդ դասարանում։