Այսօր զբաղվում եմ գործարարությամբ, ոնց որ ժամանակին ստեղծել եմ աշխատատեղեր, շարունակում եմ այդ գործունեությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ):


Հարցին՝ այս պահին ինչպիսին է իր եւ իշխանությունների հարաբերությունները, նա պատասխանեց. «Ես անձամբ ոչ մեկի հետ հարաբերություն չունեմ: Դե խնդիրներ, բնականաբար, լինում են, հարթելով առաջ ենք գնում։ Այդ խնդիրները միշտ էլ եղել են, այնպես չի որ նոր է, հարթելով գնում ենք առաջ»:


Ինչ վերաբերում է իշխանության կազմակերպած ճաշկերույթներին մասնակցելու համար միլիոններ փոխանցելուն, նա նշեց. «Ես երբեք ոչ մի իշխանության ժամանակ ձեր ասած միլիոնները չեմ տվել, հիմա էլ չեմ տալիս: Բոլորն էլ ինձ գիտեն և չեն էլ ուզում, ոչ նախկինում են ուզել, ոչ հիմա են ուզում: Եթե ինչ-որ մեկը ուզի, անպայման կմերժեմ, իսկ եթե գումար ուզեն ինձնից ինչ-որ մեկի բուժման համար կամ արցախցինեի հարցերի հետ կապված, ես միշտ օգնելու եմ և շարունակում եմ օգնել այդ կարգի մարդկանց։

Ինձ որևէ մեկը ոչ մի բան չի կարող պարտադրի, եթե ես ուզենամ փոխանցել՝ կփոխանցեմ, բայց ես չեմ փոխանցել: Իրենք ինձ լավ գիտեն, իմ բնավորությունը գիտեն և ոչ մեկ այդ հարցով ինձ չի դիմում»:

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում երկրում տիրող իրավիճակը, Հակոբ Հակոբյանն արձագանքեց. «Բնականաբար, իրավիճակը ծանր է, բոլորս էլ լավ տեսնում ենք։ Ուղղակի պետք է ազգովի միանանք, միավորվենք և ելք գտնենք այս վիճակից դուրս գալու համար: Եթե մենք ազգովի չմիանանք, սկսենք մեկս մյուսին մեղադրել, կապ չունի, նա իշխանություն է, թե ընդդիմություն է, այսօրվա մեր խնդիրը նա է, որ մենք պետք է ազգովի միանանք և ի շահ մեր երկրի որոշումներ կայացնենք՝ անկախ նրանից, թե ում հետ ես միավորվում, բոլորով պետք է միանանք:

Եթե չմիացանք բոլորով, ցավում եմ, բայց տեսաք որտեղից դուրս եկանք, նորից տեսնելու ենք այս ամեն ինչը: Իհարկե ցավոք սրտի մեր մեջ կան հայ ազգանունով թուրքեր, որոնց պետք է բացահայտել և վռնդել երկրից»: