2025 թվականի ապրիլի 26-ին, Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը՝ մշակված Բազումքի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից, վերջին անգամ հատեց Կարմանի գիծը (տիեզերքի պայմանական սահմանը) և ավարտեց իր առաքելությունը։ Այս մասին տեղեկանում ենք Բազումքի ֆեյսբուքյան էջից։
«Մենք խորապես հպարտ ենք «Հայասաթ-1»-ով և շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս պատմական առաքելությանը։ Սա միայն սկիզբն է։
Արձակումից ի վեր, մթնոլորտային դիմադրության պատճառով, մեր արբանյակի, ինչպես և Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ՝ այս տարիներին ռեկորդային արեգակնային ակտիվության պատճառով, ինչը առավել տաքացրել է մթնոլորտը, փքել այն և մեծացրել դիմադրությունը։
Այդուհանդերձ, «Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը և տվեց մեզ անհրաժեշտ արժեքավոր տեղեկություներն ու փորձը, ինչը մեզ թույլ կտա շարժվել առաջ` դեպի ավելի մեծ և ավելի հավակնոտ նպատակներ։
Շնորհակալ ենք ողջ Հայասաթ թիմին` այս պատմական առաքելությունն իրականություն դարձնելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։