Երեք տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին կմասնակցի «Միսս աշխարհ-2025» գեղեցկության համաշխարհային մրցույթին, որին այս տարի մասնակցելու են 130 երկրների ներկայացուցիչներ։ Մեր երկիրը այս անգամ ներկայացնելու է 19-ամյա Ադրինե Աճեմյանը։


Ադրինեն գեղեցկության մրցույթների աշխարհում նորեկ չէ․ 2020 թ-ին նա մասնակցել է կրտսեր «Միսս Երեւան» գեղեցկության մրցույթին՝ հայտնվելով լավագույն 5-յակում։ Ադրինեն սովորում է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ 2-րդ կուրսում։ Բացի սերիալում նկարահանվելուց, նա նաեւ երգում է, 12 տարի զբաղվել է պրոֆեսիոնալ պարով․ «Կարծում եմ, որ մրցույթում ամենակարեւոր մեսիջն այն է, որ գեղեցկուհին պետք է լինի նաեւ տաղանդավոր, որովհետեւ այս մրցույթը չի սահմանափակվում միայն արտաքին տեսքով»,-այսօր՝ ապրիլի 29-ին կայացած մամուլի ասուլիսին նշեց Ադրինեն, ով մրցույթում ներկայացնելու է նաեւ իր՝ երգելու եւ պարելու հմտությունները։


Ադրինեն՝ որպես հայաստանյան ներկայացուցիչ ընտրվել է «Միսս Երեւան Փրոդաքշնի» կողմից՝ մասնակցելով քասթինգի։

«Փորձել ենք ընտրել այնպիսի մասնակցի, որը կկարողանա մաքսիմում ներդրում ունենալ այս նախագծում եւ աշխարհին եւս մեկ անգան կներկայացնի մեր երկիրը, մեր մշակույթը, արվեստը, իսկ այդ հարցում Ադրինեն, կարծում եմ, մեր ընտրած տարբերակներից լավագույնն էր, ով կարող է, իսկապես, լավ ներկայանալ»,-հավելեց «Միսս Երեւան Փրոդաքշնի» տնօրեն Արմինե Մուրադյանը։

Արմինե Մուրադյանի խոսքով՝ Հայաստանի մասնակիցն այս օրերին աշխատում է իրեն աջակցող պրոֆեսիոնալ թիմի հետ։ Մրցույթում Ադրինեն կներկայանա Գեւորգ Շադոյանի հեղինակած զգեստներով՝ հանդես գալով ազգային եւ երեկոյան հագուստով։

«Միսս Հայաստան -1998», «Միսս ԱՊՀ -1999» Գոհար Հարությունյանը կոչ է անում, առհասարակ, ոգեւորել ու աջակցել հայուհիների մասնակցությունը մրցույթներին, քանի որ նրանք մեծ հնարավորություն են ստանում ներկայացնելու Հայաստանն ու հայկական մշակույթը հեղինակավոր բեմերում։

«Մենք միշտ խոսում ենք հաղթանակի մասին, բայց մոռանում ենք շատ կարեւոր փաստ՝ որ պետք է մեր երկիրը ներկայացնենք՝ մեր մշակույթը, տարազը։ Տարիներ ի վեր մեր աղջիկները բարձրաձայնել են բազմաթիվ քաղաքական խնդիրներ, բացի այդ՝ ներկայացրել մեր ազգային պարը, երգը․․․ Պետք է միշտ ոգեւորել մասնակցին, ոչ թե ասել՝ մենք չենք հաղթում․ պետք է ոգեւորել հենց մասնակցությունը, չէ՞ որ, եթե չմասնակցենք, չենք հաղթի։ Եթե ինձ էլ ժամանակին թույլ չտային մասնակցել, երբեք չէինք ունենա այն հաղթանակները, որոնք ունեցանք։ Կցանկանայի, որ ավելի շատ քաջալերեինք մեր գեղեցկուհիներին, որպեսզի գան եւ մասնակցեն այսպիսի մրցույթների»,-իր խոսքում ասաց նա։

Հայաստանի ներկայացուցիչը մրցույթին մեկնելու է մայրիկի հետ, այնուհետեւ նրանց կմիանա նաեւ հայաստանյան թիմը։

Անդրադառնալով ընտանիքի ու հարազատների աջակցությանը՝ Ադրինեն նշեց․ «Ընտանիքս, գրեթե, միշտ իմ որոշումներին կողմ է լինում, չի եղել մեկը, ով դեմ կլիներ իմ մասնակցությանը, ինչի համար շնորհակալ եմ նրանց։ Կարծում եմ՝ Հայաստանի համար արդեն մեծ նշանակություն ունի այն փաստը, որ մեր անունը երեք տարի անց կրկին կհնչի այդ մեծ բեմից։ Հաղթելու դեպքում, միանշանակ, կվերադառնամ Հայաստան, կշարունակեմ գործունեությունս այստեղ»։


Խոսելով մրցույթում իր քաղաքական մեսիջի մասին՝ Հայաստանի ներկայացուցիչը հուզվեց՝ հիշատակելով պատերազմի վտանգի ներքո գտնվող փոքր պետությունների խնդիրները։

Մրցույթը կկայանա մայիսի 7-ից 31-ը՝ Հնդկաստանի Թելանգանա նահանգում։