ԵՄ յոթ երկրներ, այդ թվում՝ Նիդեռլանդները եւ Բելգիան, առաջարկություններ են պատրաստել այն մասին, թե ինչպես բարձրացնեն միության նավահանգիստների անվտանգությունը կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ հղում կատարելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթին։
Դրանում առաջարկվում է միասնականացնել անվտանգության չափորոշիչները՝ մասնավորապես ներմուծելով «նավահանգստի անձնակազմի, անձնակազմի անդամների եւ օտարերկրյա փորձագետների ստուգման միասնական ընթացակարգեր»։ Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ իրավապահ մարմինները պետք է նաեւ միմյանց միջեւ տեղեկատվություն տարածեն ապօրինի ապրանքների առգրավման եւ հանցագործների ռազմավարությունների մասին, օրինակ՝ բեռնափոխադրող ընկերությունների եւ տրանսպորտային տերմինալների մասին, որոնցից նրանք օգտվում են։ Փաստաթուղթը կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին «ուժեղացնել մոնիթորինգի եւ հաշվետվության առկա գործիքները»՝ բացահայտելու իրականացման ամենաարդյունավետ միջոցները ինչպես ԵՄ անդամ երկրներում, այնպես էլ «եվրոպական կամ գլոբալ մակարդակով»:
Ինչպես թերթին ասել է Նիդեռլանդների անվտանգության եւ արդարադատության նախարար Դավիդ վան Վիլը, նավահանգիստները թմրամիջոցների ապօրինի շրջանառության հիմնական տարանցիկ կետերն են, եւ, հետեւաբար, նրանց անձնակազմը «պետք է ավելի կայուն դառնա թմրահանցագործների գործողությունների հանդեպ», որոնք «ոչ մեկին չեն խնայում իրենց սպառնալիքներում եւ ահաբեկումներում»:
Ապրիլի 28-30-ը Գդանսկ քաղաքում տեղի է ունենում, այսպես կոչված, Եվրոպական նավահանգիստների դաշինքի (European Ports Alliance) նիստը։ FT-ի տեղեկացմամբ՝ միջոցառման ընթացքում ԵՄ պաշտոնյաները եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչները մտադիր են քննարկել համագործակցությունը կազմակերպված հանցավորության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։