Փարիզում գտնվող հայտնի հին եգիպտական կոթողը կարող է մի շարք հիերոգլիֆային ուղերձներ պարունակել՝ հասցեագրված եգիպտական ազնվականությանը, որոնցում գովերգվում է Ռամզես II փարավոնը և ասվում է, որ նրան ընտրել են աստվածները, պնդում է եգիպտագետը։

Մոտ 3300 տարվա հնություն ունեցող կոթողը կառուցվել է Լուքսորի տաճարում Ռամզես II-ի (որը կառավարել է մոտավորապես մ.թ.ա. 1279-ից 1213 թվականներին) հրամանով՝ նրա գահակալության սկզբին։ 1830 թվականին Օսմանյան կայսրության սուլթանը, որն այդ ժամանակ վերահսկում էր Եգիպտոսը, այն նվիրել է Ֆրանսիային։ Կոթողը տեղափոխվել է Փարիզ, որտեղ այժմ գտնվում է Համաձայնության հրապարակ (Place de la Concorde) անվամբ հայտնի հրապարակում, գրում է Live Science-ը։


Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ կոթողի հիերոգլիֆները նվիրված են Ռամզես II-ին։ Դրանցում նաև հիշատակվում է Ամոն-Ռա աստվածը, որը Թեբեի (այժմ՝ Լուքսոր) գլխավոր աստվածն էր, և Հորուսը, որը Օսիրիս աստծո և Իսիդա աստվածուհու որդին էր։


Սակայն նոր բացահայտված ուղերձները կարող էին հասկանալ միայն նրանք, ովքեր բարձր մակարդակի գրագիտություն ունեին, հատկապես՝ ազնվականները, Live Science-ին հայտնել է Փարիզի Կաթոլիկ ինստիտուտի եգիպտագետ Ժան-Գիյոմ Օլետ-Պելետիեն։

Իր հետազոտության ընթացքում Օլետ-Պելետիեն հայտնաբերել է ուղերձներ, որոնք, նրա կարծիքով, որոշակի հանգամանքներում կարող էին նկատել միայն որոշակի մարդիկ։

Օրինակ, նա նշել է, որ երբ կոթողը կառուցվել է, նրա արևմտյան կողմը ուղղված էր դեպի Նեղոս գետը, և նրանք, ովքեր նավարկում էին գետով, կարող էին լավ տեսնել 23 մետր բարձրությամբ կոթողի գագաթին մոտ տեղակայված մի շարք գրություններ և պատկերներ։ Այդ գրություններում ասվում է, որ Ռամզես II-ը «աստվածների ընտրյալն էր, օժտված էր աստվածային էությամբ և, հետևաբար, իրավունք ուներ կառավարելու Եգիպտոսը», ասել է Օլետ-Պելետիեն։ Այստեղ նաև պատկերված է տեսարան, որտեղ Ռամզես II-ը ընծաներ է մատուցում Ամոն աստծուն։

Գիտնականը նշել է, որ Օպետ փառատոնը՝ Ամոնի պատվին անցկացվող ամենամյա միջոցառումը, դրդել է ազնվականներին նավակներով ժամանել Լուքսոր։ Այդ ճանապարհորդները կարող էին լավ տեսնել այդ գրությունները, որոնք նպաստում էին փարավոնի քաղաքական իշխանության ամրապնդմանը։

Օլետ-Պելետիեն պատրաստում է զեկույց այս հայտնագործության մասին, որը կհրապարակվի Egypte Nilotique et Mediterranéenne (հայտնի է նաև որպես ENiM) ամսագրում։