Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերքում է Հանրապետության Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը: Ըստ ԿԸՀ մամուլի ծառայության հաղորդագրության, հանձնաժողովը իր հերքումը փաստում է հետևյալով.

«Քվեարկության արդյունքների վերահաշվարկ այս պահին իրականացվում է միայն 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` թիվ 2 և թիվ 3: Թիվ 2 ընտրատարածքում վերահաշվարկի դիմումների քննությանը ներկա է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ստյոպա Սաֆարյանը, որը հիմա էլ ընտրատարածքում է:

Թիվ 3 ընտրատարածքում վերահաշվարկվել է մեկ տեղամասի քվեարկության արդյունք, որին ներկա է գտնվել է Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Կարեն Արշակի Վարդանյանը, ինչպես նաև վերահաշվարկվող թիվ 3/33 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, «Ժառանգություն» խմբակցության կողմից նշանակված Դանիել Իոաննիսյանը:

Ինչ վերաբերում է միասնական ձևաթղթերով ներկայացված դիմումներին, որոնք ստորագրված են թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, ապա դրանք ոչ թե վերահաշվարկի պահանջի, այլ տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ են և կքննարկվեն ԸԸՀ-ներում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում»: