ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ԱԺ ամբիոնից ներկայացնում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Նախագահի առաջարկությունը:
Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ համաներումների ժամանակ ազատ է արձակվել 1056 հոգի, որոնցից հետո քրեական պատասխանատվության է ենթարկվել 51-ը: «Այս համաներումը տարբերվում է նախորդներից ավելի մարդասիրական մոտեցմամբ: Նախորդ համաներման ժամանակ այն հոդվածները, որոնք արգելք էին սահմանում, հիմա նվազել են: Ընդլայնվել է այն հոդվածների ցանկը, որոնց վրա համաներումը տարածվում է»,-իր խոսքում նշեց Հրայր Թովմասյանը:
Նախարարը ներկայացրեց, թե որ հանցագործությունների դեպքում դատապարտյալի վրա չի ազդի համաներումը. «Բռնաբարություն, սեքսուալ բնույթի գործողություններ, բանդիտիզմ, ահաբեկչության ֆինանսավորում, պատանդ վերցնել, իշխանության յուրացում, լրտեսություն, պետական կամ հասարակական գործչի սպանություն, ագրեսիվ պատերազմ, ցեղասպանություն և այլն»,- նշեց Թովմասյանը:
Իսկ համաներման կարժանանա հետևյալ խմբի դատապարտյալները. «Մինչև երեք և, հինգ տարով ազատազրկվածների, սակայն առաջին կարգի հաշմանդամների, 60 տարեկանը լրացած անձանց, մինչև 16 տարեկան հասակում կատարած հանցագործությունների դեպքում»,-նշեց նախարարը և հավելեց, որ համաներման ակտը կախված չէ միայն ազատ արձակելու հետ, այն կարող է կրճատել պատժաժամկետը կամ փոխարինել պատժի մեկ այլ տարբերակը: Արդարադատության նախարարը նշեց, որ կան նաև այլ հիմքեր, որոնց առկայության պարագայում համաներումը չի տարածվի ազատազրկվածների վրա՝ խոսքը պատիժը կրելու կիրառման ժամանակահատվածը չարամտորեն խախտողների մասին է:
«Համաներումը չի վերաբերվի նրանց, ում պատժի չափը վերջին տասը տարվա մեջ կրճատվել է, գեթ մեկ անգամ ներել են: Երկրորդ անգամ ակնկալել, որ մարդասիրությունը կարող է դրսևորվել, այդպես չէ: Շեշտեմ, որ խոսքը դիտավորյալ հանցագործությունների մասին է, ինչը նշանակում է, որ նա կրկին հանցագործություն է կատարել:Համաներումը չի կիրառվի նաև նրանց նկատմամբ, երբ դատավճիռ չկա, բայց հարուցված է քրեական հետապնդում»,- ասաց Հ. Թովմասյանը:
Նախարարը նշեց, որ համաներումը դա մարդասիրական ակտ է, չնայած որ այն կարող է նաև սոցաիալական, քաղաքական խնդիրներ լուծել, բայց գլխավոր նպատակը շարունակում է մնալ մարդասիրությունը: Հրայր Թովմասյանը ստույգ թվեր չնշեց, թե քանի հոգի համաներման արդյուքում ազատության մեջ կհայտնվեն: