«Փաստ» օրաթերթը գրում է. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2021 թ. փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ, որի հավելվածով սահմանված են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Պարգևավճարի իրավունքն իրացնելիս պրակտիկայում ծագել են խնդիրներ, որոնց լուծմանն է ուղղված այս նախագիծը:


Առաջարկվում է սահմանել, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով Հայաստանի զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողը (կամ ռազմաուսումնական հաստատության կուրսանտը) համարվում է համապատասխան մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելու հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձ, եթե նա հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել պարտադիր զինվորական ծառայության ընթացքում կամ դրա ավարտից հետո՝ այդ ծառայության ընթացքում ծագած հիվանդության կամ ստացած վնասվածքի հետևանքով:


Աշխատանքային կենսաթոշակ, ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին կարող են միաժամանակ նշանակվել մարտական գործողությունների մասնակցի համար (5000 դրամ) և «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձանց համար (15000 դրամ) սահմանված պարգևավճարները:

Պարգևավճարը նշանակվում է մարտական գործողություններին մասնակցելու մասին փաստաթուղթը ստանալու օրվանից, եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո երեք ամսվա ընթացքում: Պարգևավճար նշանակելու համար հիմք է ընդունվում Հայաստանի պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականը, որը տրվել է կառավարության 2014 թ.-ի ապրիլի 23-ի N 438-Ն կամ 2019 թ.-ի նոյեմբերի 21-ի N 1664-Ն որոշումներով սահմանված կարգով կամ այդ կարգավիճակը հաստատող՝ համապատասխան մարմնի տված փաստաթուղթը:

Պարգևավճարի իրավունք ունեցող, սակայն պետական կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք չունեցող՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցին կենսաթոշակ կամ նպաստ ստանալու հիմքով պարգևավճար նշանակվում է առանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու։

Զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամին (ընտանիքին) զոհված զինծառայողի գծով պարգևավճար է նշանակվում առանց զինծառայողի զոհվելու (մահանալու) մասին փաստաթուղթ ներկայացնելու, եթե պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա է տեղեկատվություն զոհված (մահացած) զինծառայողի գծով պարգևավճար կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ նշանակված լինելու մասին (այդ թվում՝ ընտանիքի այլ անդամին)։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում