Օրհուսի համալսարանի դանիացի գիտնականները Գրենլանդիայի սառցե կեռներում (հիմնականում բևեռային սառցադաշտային վահաններից կամ բարձր լեռնահովտային սառցադաշտերից վերցվող գլանաձև սառցասյուն-նմուշ -խմբ.) հայտնաբերել են մոտ 48,5 հազար տարեկան կենսունակ հսկա վիրուսներ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Microbiome գիտական հանդեսում։
Հետազոտողները Գրենլանդիայի սառցե շերտի մակերևույթից հավաքված մուգ սառույցի, կարմիր ձյան և կրիոկոնիտի (օրգանահանքային նստվածք) նմուշներ են ուսումնասիրել։ Վիրուսները հայտնաբերվել են ոչ թե խոր շերտերում, այլ սառցադաշտերի մակերեսին, որտեղ դրանք արդեն փոխազդել էին միկրոջրիմուռների հետ։ Այդ ջրիմուռները նպաստում են սառույցի հալեցմանը՝ ստեղծելով մանրէների բազմացման համար բարենպաստ միջավայր և արագացնելով սառցե շերտի քայքայումը։
Մասնագետները հատկապես հետաքրքրված էին Pandoravirus yedoma վիրուսով, որը, ինչպես պարզվել է, որ հալեցնելուց հետո կարող է վարակել ամեոբաները։ Այն ունի մինչև մեկ միկրոմետր չափս և մոտ 2,5 միլիոն նուկլեոտիդներից բաղկացած գենոմ, ինչն այն դարձնում է Երկրի վրա հայտնի ամենամեծ վիրուսներից մեկը։
Նախկինում ենթադրում էին, որ նման վիրուսները կարող են գոյատևել միայն Սիբիրյան հավերժական սառույցում կամ խոր օվկիանոսային նստվածքներում։ Նոր հայտնագործությունն ընդլայնում է նրանց հնարավոր բնակավայրի սահմանները։
Հինավուրց վիրուսների հետազոտությունը սկսվել է 2013 թվականին, երբ ֆրանսիացի գիտնական Ժան-Միշել Կլավերին «վերակենդանացրել» Pithovirus sibericum վիրուսը, որը մոտ 30 հազար տարեկան է։ 2022 թվականին Pandoravirus yedoma-ն առաջին անգամ մեկուսացվել է Սիբիրյան հավերժական սառցակալածությունից։ Այժմ վիրուսը հայտնաբերվել է նաև Գրենլանդիայում, ինչը հաստատում է նախապատմական ժամանակաշրջանում դրա լայն տարածման փաստը։
Գլոբալ տաքացման պատճառով սառցադաշտերի և հավերժական սառցակալած տարածքների արագացված հալումը կարող է հանգեցնել տասնյակ հազարավոր տարիներ շարունակ կասեցված շարժման մեջ գտնվող միկրոօրգանիզմների արտանետմանը։ Գիտնականները զգուշացնում են, որ նման հարուցիչների նկատմամբ իմունիտետի բացակայության դեպքում կա նոր վարակիչ սպառնալիքների ի հայտ գալու վտանգ։