Սիրելի շինարարներ, հարգելի կառուցապատողներ, փոշեկլանիչ ցանցերն ուղղակի ծախս չեն ձեզ համար. դա Երևան քաղաքում մարդկանց առողջության խնդիրն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 19–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեռց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


«Երևան քաղաքում ձմեռվա ժամանակահատվածում, իհարկե, նաև բնության դիրքավորումով պայմանավորված, մենք ունենում ենք շատ ոչ բարենպաստ օդի որակ։ Իրականում, այո, օդի որակի վրա ազդեցություն ունեն նաև շինարարությունները, նաև հանքերը, որոնք գործում են Երևանում և Երևանից դուրս։


Երբ կառուցապատողն ինչ-որ մի աշխատանք է իրականացնում, ենթադրվում է, որ պատասխանատվություն պետք է ունենա իր շրջակա միջավայրի նկատմամբ, և պարտավոր է շինարարություն իրականացնելիս համապատասխան կահավորել իր շինհրապարակը և համապատասխան ցանցերը անցկացնել այդ շինհրապարակում և կառուցվող օբյեկտի շուրջը։

Սա պատասխանատվություն է իրեն շրջապատող մարդկանց նկատմամբ։ Սա պատասխանատվություն է տվյալ վարչական շրջանում իր հարևանությունում, իր հարևանությամբ գտնվող շենքերում ապրող մարդկանց, այդ շենքերում ապրող երեխաների նկատմամբ։ Եվ ամեն մի կառուցապատող, երբ այս քայլերը չի իրականացնում, թող հասկանա և պատկերացնի, որ ինքը որոշ չափով, իր փոքր չափով, բայց թունավորում է տվյալ միջավայրը, թունավորում է իր հարևանությամբ գտնվող խաղահրապարակում խաղացող երեխաների միջավայրը։ Ամեն մեկը թող իր մասով այս պատասխանատվությունը ունենա և հասկանա։


Երևանի քաղաքապետարանը կրկին շարունակելու է այս վարչարարությունն իրականացնել, Ազգային ժողովի ընկերներին, գործընկերներին նաև առաջարկել էականորեն բարձրացնել տուգանքների չափերը նմանատիպ վարվելակերպի համար։ Առհասարակ կարծում եմ՝ մենք անընդհատ ուղղակի այս թվերի մասին չպիտի խոսենք, այս թվերի նաև տակ գտնվող իրականության մասին պետք է խոսենք մեր և մեր հետագա քայլերի»,– հայտարարեց քաղաքապետը։