ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր տաղանդի, գիտելիքների և ինտելեկտի շնորհիվ անվերապահ հարգանքի է արժանացել ամբողջ աշխարհում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինը հինգշաբթի Կրեմլում հանձնում է ՌԴ բարձրագույն պետական պարգևները։ Հանդիսավոր արարողությունն ավանդաբար անցկացվում է Կրեմլի Եկատերինյան դահլիճում։
«Ռուսաստանի գլխավոր դիվանագետ Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի տաղանդը, գիտելիքները, փորձը, ինտելեկտն անվերապահ հարգանք են բերել նրան թե՛ մեր երկրում, թե՛ ամբողջ աշխարհում, ինչպես ընկերների, այնպես էլ, ինչպես մեզ մոտ երբեմն ասում են, այսպես կոչված աշխարհաքաղաքական հակառակորդների շրջանում։ Եվ նման ճանաչման հիմքում նրա նվիրվածությունն է Ռուսաստանին, ցանկացած իրավիճակում նրա շահերը հաստատակամորեն պաշտպանելու պատրաստակամությունը, հայրենիքի բարօրությանն ուղղված երկարամյա, ծավալով և բարդությամբ հսկայական լարված աշխատանքը։ Սերգեյ Վիկտորովիչն արժանացել է բարձրագույն պարգևներից մեկին՝ Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշանին»,- ասել է Ռուսաստանի նախագահը արարողությանը։