«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ի սորոսական թեւը, արեւմտամետները գժված են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունից, որ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ արեց․ «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել, այս ուղղությամբ բանակցություններ չեն տարվում»։ Սա՝ այն դեպքում, երբ ընդամենը 2 ամիս առաջ ԱԺ-ն ընդունել է Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի մասին «Եվրաքվեի» ներկայացրած օրենքը, որը նախատեսում է նաեւ այլ գործողություններ՝ անդամակցության ուղղությամբ։ Ստացվում է, որ երկու ամիս է՝ օրենքն ընդունվել է, բայց մնացել է թղթի վրա, եւ իշխանությունը մատը մատին չի խփել, նույնիսկ պարծենում է, որ ոչինչ չի արել այդ ուղղությամբ։

Այս թեւը պատրաստվում է պարզաբանումներ պահանջել գործադիր իշխանությունից, թեպետ ի սկզբանե պարզ էր, որ նախագիծը մնալու էր թղթի վրա, քանի որ Ռուսաստանից ՀՀ իշխանություններին կարմիր քարտ են ցույց տվել: Երկրորդ ընթերցմամբ էլ, հավանաբար, չէին ընդունի օրինագիծը, եթե Գյումրու ընտրությունների խնդիրը չլիներ` հույս ունեին, որ Եվրադաշինքն իրենց դեռ պետք կգա Գյումրիում Սարիկ Մինասյանի հետ կոալիցիա կազմելիս: Այն ժամանակ արդարացան, թե ձեւական թուղթ ենք ընդունում` 60 հազար քաղաքացի է ստորագրել: Բայց դրսում, ներսում այս լարախաղացի պահվածքը մի օր ավարտվելու է: Իսկ թե ինչու Արարատ Միրզոյանը բացեց խաղաքարտերը, իշխանական թիմում կարծում են, որ ուզում էր արդարանալ Լավրովի առաջ, թե իր դեմ դրսում այդ օրենքի հեղինակների ակցիան իրենց կազմակերպածը չէ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: