Գերմանիան եւ Ուկրաինայի մյուս դաշնակիցները առաջին անգամ հանել են Ռուսաստանի դեմ հեռահար հրթիռներ արձակելու սահմանափակումները, երկուշաբթի հայտնել է Գերմանիայի կանցլերը՝ մայրաքաղաքի եւ այլ շրջանների վրա ռուսական օդային զանգվածային հարձակումներից հետո, հաղորդել է CNN-ը։

«Դա նշանավորում է առանցքային դաշնակիցների մոտեցման զգալի փոփոխություն, որոնք մինչ այժմ հիմնականում ընդդիմանում էին ռուսական հողում Արեւմուտքի կողմից մատակարարված զենքն օգտագործելու Ուկրաինայի խնդրանքին:


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երկուշաբթի Բեռլինում Եվրոպական ֆորումի ժամանակ հայտնել է, որ այլեւս որեւէ սահմանափակում չկա Ուկրաինային սպառազինությունների մատակարարման տեսականու հարցում. «Ոչ բրիտանացիներից, ոչ ֆրանսիացիներից, ոչ էլ մեզանից։ Ոչ ամերիկացիներից։ Այսինքն՝ Ուկրաինան այժմ կարող է նաեւ պաշտպանվել, օրինակ՝ Ռուսաստանի ռազմական դիրքերի վրա հարձակվելով»։

Միեւնույն ժամանակ, Գերմանիայի կանցլերը չի ասել, թե արդյոք Գերմանիան Ուկրաինա կմատակարարի իր հզոր հեռահար Taurus հրթիռները, ինչին նա աջակցում էր, երբ Շոլցը դեռեւս իշխանության էր, հայտնել է Reuters-ը։

ԱՄՆ-ը չեղարկել է իր սահմանափակումներն անցյալ նոյեմբերին, երբ նախկին նախագահ Ջո Բայդենը թույլ տվեց Ուկրաինային օգտագործել ԱՄՆ մատակարարած մարտավարական հրթիռային համակարգերը (ATACMS) Ռուսաստանի տարածքի դեմ: Բայց դա նույնպես հակասական որոշում էր, որին հասնելու համար պահանջվում էին բազմամսյա բանավեճեր: Պատերազմի առաջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ-ը հրաժարվել է անգամ Ուկրաինա հակահրթիռային պաշտպանության համակարգեր մատակարարել՝ առաջին անգամ հրթիռներ մատակարարելով միայն 2024թ. ապրիլին։


ԱՄՆ որոշ պաշտոնյաներ անհանգստացած են պատերազմի սրմամբ, որը թեւակոխում է չորրորդ տարին, իսկ մյուսները մտահոգված են Պենտագոնի կողմից սպառազինությունների պաշարների կրճատմամբ:

Ռուսաստանը հայտարարել է, որ հեռահար զենքի մատակարարման սահմանափակումների ցանկացած վերացում կնշանակի պատերազմ ՆԱՏՕ-ի հետ։