Բելգիայի Անտվերպեն քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի անհատական առաջնության ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Ստեփանյանը նժույգ թափում ներկայացրել է իր ստեղծած նոր կապակցությունը. ուղիղ խաչաձեւումով կանգ ձեռքերին , ապա` հակադարձ խաչաձեւում, հաղորդում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի կայքը։
Կապակցությունն ընդգրկվել է մարմնամարզական բարդ տարրերի եւ կապակցությունների միջազգային անվանակարգում եւ ստացել «Ստեփանյան» անունը, իսկ հայ մարմնամարզիկին հանձնվել է հատուկ հավաստագիր:
Օլիմպիական չեմպիոններ Հրանտ Շահինյանից, Ալբերտ Ազարյանից եւ աշխարհի չեմպիոն Արթուր Հակոբյանից հետո Վահագն Ստեփանյանը հայաստանցի չորրորդ մարմնամարզիկն է, ում անունը գրանցվել է մարզաձեւի համաշխարհային անվանակոչության պատմագրքում։