Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ում անցկացվող աշխարհի ակումբային առաջնությունում։ Ֆրանսիայի չեմպիոններն առաջին տուրում մրցեցին Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։ Փասադենայում տեղի ունեցած խաղում իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով (տեսանյութ)։
19-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը։ Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին աչքի ընկավ ընկավ պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։ Երկու գոլային փոխանցումն էլ կատարեց վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան։
77-րդ րոպեին երկրորդ դեղին քարտ համար հեռացվեց «Աթլետիկոյի» ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեն։
87-րդ րոպեին ֆրանսիացի կիսապաշտան Սենի Մայուլուն դարձավ գոլի հեղինակ։ Ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց հարավկորեացի հարձակվող Լի Կան Ինը։
B խմբում ընդգրկված են նաեւ բրազիլական «Բոտաֆոգոն» եւ ամերիկյան «Սիեթլ Սաունդերսը»։