Ուկրաինան բախվել է ԱՄՆ-ի կողմից 2022-ից ի վեր իրականացվող ռազմական մատակարարումներից հրաժարվելուն, որոնց վրա հիմնվում էր Կիեւը։ Կիեւը ստիպված է փնտրել այլընտրանքային միջոցներ իր զինանոցները համալրելու համար, որպեսզի կարողանա շարունակել ռազմական գործողությունները։ Այս մասին հունիսի 15-ին հաղորդել է The Daily Telegraph-ը։
Նշվել է, որ կա երեք հիմնական սցենար։ Անհրաժեշտ սարքավորումներն ու զենքը կարող են մատակարարել եվրոպական երկրները։ Հնարավոր է նաեւ, որ Եվրոպան ամերիկյան զենք գնի Վաշինգտոնից։ Վերջապես, Ուկրաինան կարող է ավելացնել սեփական արտադրությունը՝ եվրոպական երկրների հաշվին։ Թերթը չի ներկայացրել որեւէ սցենար, որի դեպքում Կիեւը կարող է ապահովել Ուկրաինայի զինված ուժերի կարիքներն առանց արտաքին օգնության։
Զինանոցների համալրման հնարավոր ռազմավարությունները հիմնված են այն փաստի վրա, որ Եվրոպան կկատարի 2025թ. փետրվար եւ մարտ ամիսներին տված ռազմական օգնության խոստումները։ Միաժամանակ, ընդգծվել է, որ Բրյուսելը միշտ չէ, որ հաստատում է խոստումները գործողություններով։
Բացի այդ, հակամարտության սկզբից ի վեր Կիեւը հույսը դրել է ամերիկյան HIMARS, ATACMS եւ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի վրա, որոնք, ինչպես նշել է թերթը, հնանում են եւ այնքան էլ արդյունավետ չեն ռուսական հիպերձայնային հրթիռների եւ իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում։