Իրանի ԶՈւ-ն թշնամու համար իսկական դժոխք կկազմակերպի, եւ աշխարհը կդառնա նրա տառապանքների վկան։ Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, տեղեկացրել է Mehr-ը։
Խորհրդարանի բաց նիստում ելույթ ունենալով՝ Ղալիբաֆը նշել է, որ «վերջին գիշերների սիոնիստների մղձավանջը եւ ռեժիմի հանցագործությունների կազմակերպիչների ու կատարողների շրջանում տիրող խոր վախը կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ ագրեսորը զղջում եւ հատուցում զգա»։
«Մենք պետք է հասկանանք, որ գտնվում ենք արտակարգ իրավիճակում, եւ մեր թշնամին չի հետեւում որեւէ կարմիր գծի։ Չնայած վերջնական հաղթանակը կանխորոշված է, բնական է, որ դրան հասնելու ճանապարհը հեշտ չի լինելու»,- ավելացրել է Ղալիբաֆը։
Նա նաեւ նշել է, որ Իրանի ժողովուրդը, չնայած իր էթնիկ եւ գաղափարախոսական բազմազանությանը, միավորվել է դաժան թշնամու դեմ եւ լիովին աջակցում է երկրի զինված ուժերին։
Ղալիբաֆն ընդգծել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) եւ Իրանի բանակի մարտիկները, Իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի իմաստուն ղեկավարությամբ, ամբողջ աշխարհին ցուցադրեցին իրենց ուժն ու ռազմական ներուժը՝ հերքելով Իսրայելի «անխոցելիության» մասին առասպելը։