Neom մեգապրոյեկտի շրջանակներում մոլորակի վրա կարող է հայտնվել ևս մեկ տպավորիչ կառույց։ Խոսքը Կարմիր ծովի վրայով անցնող կամրջի կամ թունելի մասին է, որը ենթադրաբար պետք է Սաուդյան Արաբիան կապի Եգիպտոսի հետ։ Սա թույլ կտա ստեղծել առևտրային երթուղիներ, որոնք շրջանցում են Իսրայելի խնդրահարույց տարածքը և պարզեցնում են ապրանքների երկաթուղային մատակարարումը Արևելքի և Արևմուտքի միջև։


Այս նախագծի վերաբերյալ դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն Եգիպտոսի տրանսպորտի նախարար Կամել ալ-Վազիրը վերջերս կայացած համաժողովում հայտարարել է, որ կամրջի նախագծումն արդեն ավարտվել է, գրում է Techkult-ը։ Սա կարելի է դիտարկել որպես առաջարկ Ռիադին. Կահիրեն հրավիրում է իր հարուստ հարևանին իրականացնելու լայնածավալ ենթակառուցվածքային նախագիծ։ Այն շահավետ է երկու երկրների համար էլ, բայց Սաուդյան Արաբիան ավելի շատ հնարավորություններ ունի այն իրականացնելու համար։


Հիշեցնենք, որ Կարմիր ծովի վրայով կամրջի կառուցման հարցը քննարկվել էր դեռևս 2016 թվականին Սաուդյան Արաբիայի թագավորի կողմից։ Այդ ժամանակ երկիրը նոր էր սկսում բում ապրել զբոսաշրջային և տրանսպորտային օբյեկտների շինարարության ոլորտում։ Հարցն այն է, թե որտեղ կառուցել կամուրջը, քանի որ նեղ ու երկար Կարմիր ծովն ունի շատ փխրուն կորալային էկոհամակարգ, բացի այդ, այստեղ ինտենսիվ նավագնացություն է ընթանում։ Ամենանեղ կետում՝ Տիրանի նեղուցում, երկրների միջև հեռավորությունը ընդամենը 6.4 կմ է, բայց այն ամենևին էլ ամենահարմարը չէ կամուրջ և մուտքի ճանապարհներ կառուցելու համար։

Նման կամրջի կառուցման օգտին լրացուցիչ փաստարկ է այն, որ Եգիպտոսն ավարտում է իր երկաթուղային ցանցի արդիականացումը, և դրա թարմացված հզորությունը պահանջում է օգտագործում և ապրանքների տեղափոխման խոշոր պայմանագրեր։ Հետևաբար, պատահական չէ, որ կամուրջ կառուցելու հարցը բարձրացրել է եգիպտական ​​կողմը։