Իրանը սպասում էր Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակմանը, ուստի տարհանեց այն, և օբյեկտին անդառնալի վնաս չի պատճառվել, ասել է Իրանի խորհրդարանի խոսնակի խորհրդական Մեհդի Մոհամմադին X սոցիալական ցանցում։
«Իրանի տեսանկյունից, ոչ մի անսպասելի բան տեղի չի ունեցել։ Իրանը մի քանի օր է, ինչ սպասում էր Ֆորդոյի վրա հարվածների։ Այս միջուկային օբյեկտը տարհանվել է, և այսօրվա հարձակման ժամանակ անդառնալի վնաս չի պատճառվել», - գրել է Մոհամմադին իր էջում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ բանակի հաջող գործողության մասին։ Նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածներից հետո Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը»։
Fars լրատվական գործակալությունը, հղում անելով իրանական իշխանություններին, հաղորդել է, որ Սպահանի և Ֆորդոյի միջուկային օբյեկտները ենթարկվել են օդային հարվածների։ Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի անդամ Մոհսեն Ռեզային ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը իր բոլոր «հարստացված միջուկային նյութերը» տեղափոխել է անվտանգ վայր։