«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 5-7-ը կմեկնի Տալլին՝ Էստոնիայի Հանրապետության մայրաքաղաք, մասնակցելու Էստոնական մշակութային փառատոնին։ Թե ինչ կապ ունի Ալեն Սիմոնյանը մշակույթի հետ, դժվար է ասել, սակայն ուշագրավ է, որ այս անգամ նրա ղեկավարած պատվիրակությունն այնքան էլ մեծաթիվ չէ, ինչպես նախկին անգամները, եթե չասենք՝ գրեթե կեսը։ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը վեց հոգուց է բաղկացած, որոնցից միայն Սարգիս Խանդանյանն է պատգամավոր։ Տեղեկություններ կան, որ ՔՊ-ականներին ասվել է՝ առաջիկա ժամանակներում չբացակայել երկրից․ հնարավոր է ԱԺ արտահերթեր հրավիրեն։ Հուլիսի 1-4-ը առաջին արտահերթն է լինելու, որի օրակարգում Սեյրան Օհանյանին եւ Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու նախագծերն են դրված։ Այս տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանն էլ էր Էստոնիա այցելել: Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն այժմ Կայա Կալլասն է` Էստոնիայի նախկին վարչապետը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: