«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հարցազրույց նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի հետ

– 2018 թվականի իշխանափոխության՝ քայլարշավի առաջին իսկ օրվանից Դուք քայլել եք Նիկոլ Փաշինյանի կողքից: Այն ժամանակ նման ծրագրեր չէի՞ք կազմում՝ փողոցներ փակելու, երթեւեկությունը կաթվածահար անելու, ԱԺ-ն շրջափակելու, խմբեր կազմելու եւ նման այլ սցենարներով, որոնց մասին նշված է նաեւ նախօրեին իշխանության հայտնաբերած «հեղաշրջման պլանում»։ Եվ այդ հրապարակված ձայնագրությունները որքանո՞վ են արժանահավատ… ձեր շարժման մասին էլ ինչ ասես՝ չէին ասում, բայց ձեր նկատմամբ նման ռեպրեսիվ մեթոդներ չկիրառվեցին, չէ՞։

– Մենք ամեն ինչ քննարկել ենք, բայց ոչ կոշտ զարգացումների սցենար։ Այո, քննարկել ենք փողոցները փակել՝ որպես ակցիա, բայց, որպեսզի մարդկանց նեղություն չտանք, հատուկ ժամ ենք սահմանել՝ որքան փակել փողոցները, երբ բացել։ Մեր ձեռքերը բաց էին, բարձր են եղել, որպեսզի կոշտ գործողությունների մեջ չկասկածեն։

– Իսկ ո՞վ էր Ռադիոտան դուռը ջարդում՝ ստրատեգիական նշանակության կառույցի։

– Ռադիոտան դուռը, այո, մի քիչ վնասվել էր, բայց ջարդել եմ ես, ջարդողների մեջ ես էի, բայց դա եղավ այն ժամանակ, երբ ամբոխը հրեց, անորակ դուռը տեղից պոկվեց, եւ մի տեղ էլ մի անգամ ապակի է կոտրվել։

– Պատմում են, որ Փաշինյանը դեռ քայլերթի գնալուց առաջ հավաքել է իր թիմին, ասել է՝ գնալու եմ մինչեւ վերջ, մահապարտ էր ներկայացել․․․

– Դուք տարբեր բաներ խառնում եք իրար, բայց ես Ձեր փոխարեն ավելի կարեւոր հանգամանքի վրա կկենտրոնանայի։ Ինձ համար, օրինակ, այս ամենում ոչ այնքան վտանգավոր է, որ Բագրատ սրբազանին կալանավորել են (բոլորն էլ վաղ թե ուշ ազատության մեջ կլինեն), այլ այս ամենում սարսափելին այն է, որ պրոցեսները բերում հասցնում են նրան, թե իբր այս ամենը Ռուսաստանն է կազմակերպում, ժողովրդին տրամադրում են Ռուսաստանի դեմ։ Սա է սարսափելին, ոչ թե Բագրատ սրբազանի կեղծ ժպիտով կալանավորումը։ Դուք չեք հասկանում՝ վտանգը որտեղ է, այստեղ է, որ Ռուսաստանից պիտի պոկվենք, գնանք Արեւմուտք, Արեւմուտքը ո՞րն է, իհարկե՝ Թուրքիան։ Դե, գնացեք վայելեք: Ռուսաստանն է կազմակերպել․․․ Ռուսաստանի շատ տանձի՞ն ա․․․ դուք գնացեք ու մտածեք, թե ինչ է լինելու Թուրքիայի հետ։

– Ուզում եք ասել՝ պատահական չէ, որ Թուրքիա այցից հետո, հենց այդ օրը սկսվեցին զանգվածային ռեպրեսիաները։


– Ես չէի կապի Թուրքիա այցի հետ, այդ այցը մի դրվագն է այս խճանկարի։ Որովհետեւ այն, ինչ արել են, մեկ օրվա բան չէ, հետախուզական աշխատանքներ են արվել, հետեւել են մարդկանց։ Ես նորից եմ ասում՝ ով հակաօրինական, հակասահմանադրական բան է անում, պետք է պատասխան տա օրենքի առաջ, բայց իմ անհանգստությունն ուրիշ տեղ է` 57 մուսուլմանական երկրների ընդունած բանաձեւն է, որ ասում է՝ 300 հազար ադրբեջանցիներ պիտի գան ու ապրեն Հայաստանում։ Այստեղ է իմ անհանգստությունը: Սրան զուգահեռաբար՝ բոլոր գործողությունները, որ տեղի են ունենում, խորքում այն գաղափարն է, որ Ռուսաստանն է մեղավոր, Ռուսաստանն է մեր դժբախտությունների պատճառը, որ Բագրատ սրբազանը կարգին տղա ա, Ռուսաստանն է նրան փչացնում, Հովիկ Աղազարյանն էլ ա կարգին տղա, Ռուսաստանն է փչացնում, Սամվել Կարապետյանը կարգին բիզնեսմեն է, Ռուսաստանն է փչացնում։ Սա է իմաստը՝ Ռուսաստանին վարկաբեկել, պոկվել նրանից, գնալ Արեւմուտք, այսինքն՝ Թուրքիա։

– Ձեր խոսքի տողատակերում հակաօրինական, հակասահմանադրական որակում տվեցիք, բայց դեռեւս ապացուցված չէ, որ այդ ձայնագրությունները կամ պլանը իրական են: Այն դեպքում, երբ Ձեր նկատմամբ նախկին, Ձեր բնորոշմամբ` բռնապետ իշխանությունը շատ ավելի մեղմ գտնվեց, Ռադիոտան դեպքից հետո էլ չկալանավորեցին առաջնորդին։ Դուք իրավապահների գործողությունները հիմնավոր եք համարում, պարզապես այլ տե՞ղ եք խնդիրը տեսնում։

– Ես ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ նախորդ տարի՝ հունիսի 12-ին ԱԺ-ի դիմաց տեղի ունեցած հայտնի հավաքից շաբաթներ առաջ ես հստակ ասել էի՝ երբ եւ որ ժամին է այդ հավաքը լինելու, այսինքն՝ հեղաշրջումն ուրիշ բան է, հեղափոխությունը՝ ուրիշ։ Հեղաշրջմանը ես կատեգորիկ դեմ եմ, ամենաազնիվ նպատակն էլ, որ հետապնդես՝ հեղաշրջում անելու նպատակով, արդյունքի չես հասնելու, հետեւաբար՝ դա ինձ համար անընդունելի է, սխալ ճանապարհով ճիշտ բանի չես հասնի, դա կարող է լինել միլիոնից մեկ դեպքում, ասենք` 20 մարդ սպանես՝ հանուն հայրենիքի փրկության, հիմա Դուք կասեք՝ կարելի է 20 մարդ սպանել՝ հանուն հայրենիքի, ես էլ կասեմ՝ իսկ 20 հազա՞ր, իսկ 2 միլիո՞ն։

– Հեղափոխությունները հիմնականում անարյուն չեն անցնում, այդ թվում՝ ձախողված հեղափոխությունները․․․ Մինչեւ հիմա էլ ոմանք Նիկոլ Փաշինյանին են մեղադրում 2008-ի 10 զոհի համար։

– Բա 2018-ին ո՞նց մարդ չմահացավ, մի հատ Ռադիոտան դուռ է դուրս թռել, մի հատ էլ՝ ապակի ջարդվել։

– 2018-ին լրիվ ուրիշ Հայաստան էր, Արցախ կար, զոհեր չէինք տվել, հայրենիք չէինք կորցրել․․․

– Դուք մենակ Ձեր ասելիքն եք ասում, ես ասում եմ՝ անցած տարի, հունիսի 12-ի դեպքերից 20 օր առաջ ես ասել եմ` որ օրը, որ ժամին է տեղի ունենալու հերթական հանրահավաքը։ Անգամ մրցանակ էի սահմանել, որ ով ճիշտ գուշակի, 27 հազար դրամ եմ նվիրելու։ Ձեզ թվում է՝ ինչո՞ւ էին այդ օրը եկել ԱԺ-ի դիմաց, որովհետեւ կառավարությունն ԱԺ-ում էր, եկել էին Նիկոլին սպանելու համար, Հովիկ Աղազարյանին սպանելը հետաքրքիր չի, Նիկոլին էին ուզում, թե չէ՝ ինչի՞ էին եկել։ Հիմա իմպիչմենտ ենք անում, դե թող գան՝ ստորագրությունները տան, ինչի՞ չեն տալիս, որովհետեւ ամեն մեկին թվում է` ինքն է հարց լուծողը։

– Հիմա ի՞նչ եք ուզում ասել` չպայքարե՞ն․․․

– Հիմա ես չեմ ուզում ասել, որ ինչ վերագրում են Բագրատին, բացարձակ ճշմարտություն է, ես ինֆորմացիա չունեմ, հետեւաբար՝ չեմ ոտնահարի նրանց անմեղության կանխավարկածը, բայց երբ Բագրատ Գալստանյանին ասում էին` ախպեր, դու Կանադայի քաղաքացի ես, ինքն ասում էր՝ դե լավ, էլի՜: Արդեն ինձ համար դա գնահատական է։

– Ի՞նչ կապ ունի դա այս ամենի հետ։

– Այնքանով կապ ունի, որ ինքը Կանադայի քաղաքացիությունը որպես զրահաբաճկոն կհագնի, կգա՝ այստեղ խժդժություններ կանի, հետո կասի` ինձ պաշտպանեք։ Եթե ուզում ես մտնել քաղաքական պայքարի մեջ, պետք է դառնաս բոլորիցս մեկը, ես չեմ ուզում Նիկոլին պաշտպանել, քավ լիցի, իմ ահուսարսափը Բագրատը չի, այլ՝ Նիկոլն է, 57 մուսուլմանական երկրների որոշումը, ես ադրբեջանցիների վերադարձի հարցը 3 տարի առաջ էի բարձրացնում, բայց Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանն ասում էին՝ չկա նման հարց, պարզվեց, որ կա։ Ես հիմա երազում եմ, որ մինչեւ 2026 թ. «խաղաղության պայմանագիր» չստորագրվի, ոչ միայն երազում եմ, այլեւ դա կանխելուն ուղղված ամեն ինչ անում եմ, որովհետեւ «խաղաղության պայմանագիրը» կստորագրվի այն դեպքում, եթե դա ձեռնտու լինի Ալիեւին, այսինքն՝ հավելվածով, որում փախստականների վերադարձի կետն է լինելու։ Դրա համար էլ հիմա Ռուսաստանին թշնամի են սարքում, որ Թուրքիայի հետ բարեկամանան, նրանք էլ ասեն՝ եթե բարեկամ ենք, թող գան ապրեն ադրբեջանցիները, ի՞նչ է եղել որ: Դուք կարեւորը թողած՝ երկրորդականի հետեւից եք ընկնում։

– Կարեւոր չէ՞, որ դիմադրության օջախներն իշխանությունը կոտրում է, որ չկարողանան պայքարել այդ ծրագրի դեմ։

– Կարեւորն այն է, որ, այո, իրավական գնահատական տրվի այն արտահայտությանը, որ մենք մեր ձեւով հարցերը կլուծենք։ Այդպես չեն անում, եկել է՝ պետության մեջ «մենք մեր ձեւերից» է խոսում։ Դա քաղաքական հայտ ներկայացնող մարդու խոսք չէ, ինքը` իր ձեւով, Նիկոլն էլ իր ձեւով, թող Հայաստանն էլ կործանվի։

– Այսինքն՝ արդարացնում եք այդ անմեղ հայտարարության համար Կարապետյանին կալանավորելը։

– Այսինքն, պիտի գա ասի՝ մենք մեր ձեւով, Նիկոլն էլ ասի՝ ջանդ սա՞ղ։

– Իսկ Դուք ի՞նչ գիտեք՝ ինչ ձեւի մասին է խոսքը, մարդուն կալանավորում են, առանց պարզելո՞ւ, թե ինչ նկատի ուներ, եթե այդպես է, ցանկացածիս կարող են բռնել։

– Իհարկե, եթե մենակ այդ խոսքերի համար են կալանավորել, սխալ է: Դե, կերեւա՝ տակը բան կա, թե ոչ, եթե միայն դրա համար է կալանավորվել, դա անշնորհքություն է։ Ձեզ չթվա՝ ես Նիկոլին պաշտպանում եմ, իմ տաքուկ անկյունում կարող էի մնալ, բայց առաջինը ես ընդվզեցի ու հիմա էլ սահմանադրական ճանապարհով պայքարում եմ, որ իմ մտահոգությունները կյանքի չկոչվեն, դա է ճանապարհը։

– Նիկոլ Փաշինյանին լավ եք ճանաչում, կարծում եք՝ էս պայքարով կթողնի՞ աթոռը, թե՞, այնուամենայնիվ, կոշտ պայքար է պետք։

– Կոշտ պայքարը ես համարում եմ հեղաշրջում, որին դեմ եմ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: