Իսրայելի կողմից հրադադարի ցանկացած խախտում անպատասխան չի մնա։ Իրանը Լիբանան չէ։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Նա հիշեցրեց, որ 1948 թվականից մինչև 2025 թվականն Իսրայելը 12 պատերազմ է հրահրել, և նույնիսկ հրադադարի հաստատումից հետո այն հետևել է մշտական խախտումների ճանապարհին։ Դեսպանի խոսքով՝ մինչև 250 դեպք է եղել, երբ իսրայելական կողմը խախտել է հրադադարը։ «Բայց մենք շատ հստակ ուղերձ ենք հղել. Իրանը Լիբանան չէ, Իրանը բացօթյա բանտ չէ՝ Գազայի տեսքով, ուստի հրադադարի ցանկացած խախտում պատասխանի կարժանանա», - ասաց Սոբհանին։
Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակը կարելի է բնութագրել տարբեր ձևերով, բայց, ըստ էության, սա ագրեսորի կողմից հարձակումների դադարեցումն է։ «Երբ խոսքը հրադադարի մասին է, ապա դրանից առաջ պետք է երկխոսություն տեղի ունենա, և այդ ժամանակ դա հնարավոր կդառնա։ Այն, ինչի հետ մենք հիմա գործ ունենք, պարզապես ագրեսորի կողմից հարձակման դադարեցումն է և պաշտպանվող կողմի կողմից պատասխան գործողությունների դադարեցումը», - ընդգծեց Սոբհանին։
Դեսպանը նշեց, որ «Իրանը սիոնիստական ռեժիմի և նրա կողմնակիցների կողմից անօրինական ագրեսիայի է ենթարկվել։ Այս ագրեսիան հնարավոր դարձավ չնայած այն հանգամանքին, որ Իրանը երբեք որևէ սպառնալիք չի ներկայացրել։ Այդ ժամանակ մենք բանակցություններ էինք վարում Միացյալ Նահանգների հետ, և Իսրայելի ռեժիմն ագրեսիա սկսեց՝ այդ բանակցությունները և համաձայնության հասնելը կանխելու համար։ Ավելին, ագրեսիան արդարացնելու համար նա (Իսրայելը - խմբ.) մեջբերել է անտրամաբանական և անօրինական պատճառ։ Նրանք ասել են, որ կանխարգելիչ հարձակում են սկսել՝ Իրանից եկող սպառնալիքին հակազդելու համար»։
Սոբհանին նշեց, որ 1996 թվականից ի վեր իսրայելական կողմն անընդհատ մանիպուլյացիաներ է իրականացրել և փորձել է մոլորեցնել համաշխարհային հանրությանը, կարծես «2 տարի հետո, մեկ տարի հետո, ամռանը, աշնանն Իրանը կունենա միջուկային զենք»։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ երբեք չենք ձգտել միջուկային զենք ստեղծել: Մենք նման նպատակ չենք հետապնդում հիմա՝ ո՛չ նախկինում, ո՛չ էլ հետո: Իրանի միջուկային ծրագիրն իրականացվում է ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո, չկան փաստեր և երբեք չեն եղել որևէ փաստեր, որոնք հաստատում են, որ Իրանը շեղվել է խաղաղ ծրագրի նպատակներից: Պարզ ասած՝ հարձակման համար պատճառներ չեն եղել ոչ իրավական, ոչ էլ տրամաբանական տեսանկյունից», - ասաց դեսպանը: Նա վստահ է, որ Միացյալ Նահանգները սկզբում տեղյակ է եղել Իրանի վրա հարձակվելու ծրագրերի մասին: «Թույլատրելով այս հարձակումը և չձեռնարկելով այն կանխելու քայլեր՝ նրանք դավաճանել են դիվանագիտությանը և մեր երկրների միջև ընթացող բանակցային գործընթացին: Իրանի պատասխան գործողություններից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ սիոնիստական ռեժիմը ճնշվել է, վերջինս այլընտրանք չուներ, քան դիմել Միացյալ Նահանգներին՝ աջակցության համար: Արդյունքում, Միացյալ Նահանգներն ուղղակի ագրեսիա իրականացրեց Իրանի դեմ՝ հարվածելով իրանական մի շարք տարածքների: Նրանք խաբվեցին սիոնիստական ավազակախմբի կողմից և մտան հակամարտության մեջ միայն Իսրայելի ռեժիմը փլուզումից փրկելու համար», - ընդգծեց դիվանագետը:
Նա վստահեցրել է, որ Իրանը նախապես զգուշացրել էր, որ եթե ԱՄՆ-ն անմիջականորեն միջամտի այս հակամարտությանը, Իրանը անպայման կպատասխանի: «Եվ մենք արձագանքեցինք։ Տարածաշրջանի ամենամեծ ամերիկյան ռազմաբազաներից մեկը ընտրվեց որպես թիրախ։ Դրանից հետո ԱՄՆ-ն փորձեց որոշակի պատմություններ պարտադրել՝ չափազանցնելով սեփական գործողությունների արդյունքները և թերագնահատելով Իրանի պատասխան հարվածի հետևանքները։ Սակայն Իրանը լուրջ վնաս հասցրեց ԱՄՆ-ին», - նշեց Սոբհանին։
Հակադարձ գործողությունների երեկոյան էր, որ առաջարկվեց զինադադար, թեև անուղղակիորեն։ «Մեր դիրքորոշումը բացարձակապես պարզ էր. եթե հակառակ կողմը դադարեցնի իր հարձակումներն առանց նախապայմանների, իրանական կողմը նույնպես կդադարեցնի իր պաշտպանական գործողությունները։ Մենք գործեցինք բացառապես ինքնապաշտպանության նպատակով», - ամփոփեց դեսպանը։