Հուլիսի 1-ին ԱՄՆ Սենատը հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարկային արտոնությունների և պետական ծախսերի կրճատման մասին օրինագիծը: Նիստը տևել է մեկ օրից ավելի: Չնայած Սենատում հանրապետականների մեծամասնությանը, սենատորների ձայները բաժանվել են 50-50 հարաբերակցությամբ, հաղորդում է DW-ն: Թրամփի «մեծ և գեղեցիկ օրենքի» աջակցությունը հնարավոր է դարձել փոխնախագահ Ջ.Դ. Վենսի վճռորոշ քվեարկության շնորհիվ:
Քննարկման ընթացքում սենատորները մի շարք փոփոխություններ կատարեցին օրինագծում, ուստի այժմ այն պետք է վերահաստատվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից: Reuters-ի փոխանցմամբ՝ քննարկումը և քվեարկությունը նախատեսված են հուլիսի 2-ին: Դոնալդ Թրամփը ձգտում է ստորագրել օրինագիծը մինչև Անկախության օրը, որը նշվում է հուլիսի 4-ին:
Թրամփի օրինագիծը, ի թիվս այլ բաների, նախատեսում է հանրապետականի առաջին նախագահական ժամկետի ընթացքում ներդրված հարկային արտոնությունների երկարաձգում, ներգաղթային ծառայության և պաշտպանության ոլորտի ֆինանսավորման ավելացում, մասնավորապես՝ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի զարգացման համար միջոցների հատկացում:
Փոխհատուցումը կներառի կրճատումներ սննդի ծրագրերի և կլիմայի պաշտպանության միջոցառումների, ինչպես նաև Medicaid ծրագրի համար, որը օգնում է վճարել աղքատների, հաշմանդամների, անապահով երեխաների և այլ խոցելի անձանց առողջապահական ծառայությունների համար: Կոնգրեսը գնահատում է, որ մոտ 12 միլիոն մարդ կարող է կորցնել Medicaid-ի ծածկույթը մեկ տասնամյակի ընթացքում: