Իսրայելի իշխանությունները կարծում են, որ հարստացված ուրանի պաշարները, որոնք խորը թաքցված են ԱՄՆ Ռազմաօդային ուժերի հարվածներին ենթարկված իրանական միջուկային օբյեկտներից մեկում, կարող են դուրս բերվել, AP-ին անանուն մնալու պայմանով հայտնել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան։
Այս ֆոնին ԱՄՆ-ում հաստատել են, որ Սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) փորձագետները, որոնք մշակել են հատուկ «բունկերները խոցող ռումբեր», դեռևս չեն ստացել բոլոր տվյալները՝ գնահատելու համար, թե արդյոք այդ զինամթերքը հասել է իրանական այլ օբյեկտներում գտնվող թիրախներին։
Նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ հարվածները «ամբողջությամբ ոչնչացրել են» իրանական երեք միջուկային օբյեկտները։ Սակայն Պենտագոնի և միջազգային դիտորդների առաջին գնահատականներն ավելի զուսպ էին. ըստ ԱՄՆ ռազմական հետախուզության վարչության, հարվածները լուրջ վնաս են հասցրել Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի օբյեկտներին, բայց դրանք ամբողջությամբ չեն ոչնչացրել։
Ըստ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի, ամերիկյան հարվածները ոչնչացրել են Իրանում մետաղների փոխակերպման միակ օբյեկտը, և այդ վնասը միջուկային ծրագիրը տարիներով հետ է շպրտում։ Սակայն, ըստ հետախուզության նախնական տվյալների, հարստացված ուրանի զգալի պաշարներ դեռևս կարող են մնալ Ֆորդոյի և Սպահանի փլատակների տակ։
«Հարստացված ուրանի մեծ մասը, հավանաբար, դեռևս գտնվում է Սպահանի օբյեկտի փլատակների տակ՝ խորը թաղված։ Այն դուրս բերելը շատ դժվար կլինի, բայց տեխնիկապես հնարավոր է», - ասել է իսրայելցի պաշտոնյան։
Միևնույն ժամանակ, փորձագետները նախազգուշացնում են, որ Իրանը կարող էր նախապես իր պաշարների մի մասը տեղափոխել ավելի անվտանգ վայրեր՝ կանխատեսելով Իսրայելի հարվածները և ԱՄՆ-ի հնարավոր միջամտությունը։
ԱՄՆ Սպառնալիքների նվազեցման գործակալության երկու ներկայացուցիչ խոստովանել է, որ դեռևս սպասում են տվյալների, թե արդյոք նետված Massive Ordnance Penetrator-ները կարողացել են հասնել այն խորություններին, որոնց համար դրանք նախատեսված էին։ Այդ տվյալները դեռ գաղտնի են։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ հարվածները լուրջ վնաս են հասցրել երկրի միջուկային օբյեկտներին, և իրանցի մասնագետները դեռևս չեն կարողանում լիովին գնահատել ավերածությունների մասշտաբը։ Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը պատրաստ է վերսկսել համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (МАГАТЭ) հետ, սակայն առայժմ չի կարող երաշխավորել տեսուչների լիարժեք մուտքը։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հաստատել է, որ ուրանի հարստացման և փոխակերպման իրանական երեք առանցքային օբյեկտները «լրջորեն ավերվել են», սակայն ընդգծել է, որ արտադրությունը վերականգնելու հնարավորությունները դեռևս մնում են։ «Անկեղծ ասած, չի կարելի պնդել, որ ամեն ինչ ոչնչացվել է առանց հետքի», - հայտարարել է նա։