Այսօր, Շառլ Ազնավուրի հրապարակում մենք բացում ենք արձան, որը խորհրդանշում է ոչ միայն մեծ արվեստագետի հիշատակը, այլև հայ ժողովրդի ներդրումը միջազգային մշակութային կյանքում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18–ին, Երեւանում Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության ժամանակ իր ելույթում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


Նա, մասնավորապես, նշել է. «Շարլ Ազնավուրը, ծնված Փարիզում, հայ փախստականների ընտանիքում, դարձավ համաշխարհային երգարվեստի ամենահայտնի անուններից մեկը: 1000-ից ավելի երգեր, ֆիլմեր, համերգներ, ավելի քան 90 երկրներում։ Նա այն մարդն էր, ում արվեստը ճանաչում էին առանց թարգմանության և առանց բացատրությունների, և նա շարունակում է մնալ այն մարդը, ում ճանաչում են և իր արվեստը ճանաչում են առանց հավելյալ բացատրության։


20-րդ դարի ընթացքում Ազնավուրը համարվեց Ֆրանսիայի ամենանշանակալի մշակութային դեմքերից մեկը, մարդ, ով մարմնավորում է սերնդի արժեքները, մշակույթը, Եղեռնից փրկվածների հիշողությունը, արվեստի համամարդկային լեզուն։

Մեր ժողովրդի ու մեր երկրի համար շատ կարևոր է, որ Ազնավուրը երբեք չի դադարել լինել Հայաստանի կողքին՝ անկխ ժամանակներից ու հանգամանքներից։

Նրա աջակցությամբ Հայաստանն արժանացավ մեծ աջակցության 1988-ի երկրաշարժից հետո։ Նա դարձավ մեր առաջին դեձսպանը ՅՈՒՆԵՍԿՕ–ում, մասնակցեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին և մինչեւ իր կյանքի վերջ նա ամուր կապված մնաց Հայաստանին մշակույթով, ծրագրերով և իր ներկայությամբ»։

Ավինյանը նաև հայտարարեց, որ արձանի բացումը ունի ևս մի հյուրահատկություն, քանի որ նախաձեռնվել և ամբողջությամբ ֆինանսավորվել է Երևանի քաղաքապետարանի կողմից. «Սա բացառիկ է այն առումով, որ քաղաքապետարանը նման նախաձեռնություններ ինքը անձամբ չի իրականացրել։ Բայց մենք կարևոր համարեցինք, որ այս հրապարակում Ազնավուրի անունը կրող միջավայրում լինի մի արձան, որը կխորհրդանշի նրա մշտական ներկայությունը մեր քաղաքում։

Շնորհակալություն եմ հայտնում արձանի հեղինակ Դավիթ Մինասյանին, Ազնավուր ընտանիքի անդամներին, բոլոր մասնակիցներին և գործընկերներին, որոնք ներգրավված են եղել այս նախագծի բոլոր փուլերում՝ գաղափարից մինչև իրականացում։

Այս վայրը վստահորեն դառնալու է հանդիպման և հիշողության վայր, ոչ միայն երևանցիների, այլև հազարավոր մեր հյուրերի համար, վայր, որտեղ կարելի է կրկին հանդիպել լեգենդար Շառլ Ազնավուրին»։