ԱԺ հարց ու պատասխանների ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր հարցն ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, որը կարելի է ասել վերաճեց վիրավորանքների:

«Անցած նիստի ընթացքում բազմիցս խոսել եմ ձեր մասին, հիշել ձեզ, հարցս վերաբերում էր Փակ շուկային և այստեղ ներկա քաղաքաշինության նախարարը փորձ չարեց պատասխանել այդ հարցին: Ես վստահ եմ, որ ձեզ այդ հարցի մասին ասել են և ես վստահ եմ, որ կառավարությունն էլ այս կերպ է վերաբերվում հարցերին», - նշեց նա, հարցնելով, թե ինչու՞ կառավարությունը չի իրականացրել հուշարձանի համար անհրաժեշտ պահպանության միջոցներ:
Հարցին պատասխանելիս վարչապետը նշեց, որ Քաղաքաշինության նախախարն իրեն զեկուցել է, որ այս հարցը քննարկվել է, և որ ունեցել են բանակցություններ քաղաքապետարանի հետ, որպեսզի ընդունվի այնպիսի որոշում, որը հաշվի կառնի բոլոր խնդիրները:
Ի պատասխան սրան ՀԱԿ պատգամավորը նշեց. «Ձեր Չինաստանում գտնվելն ավելի խոսուն էր, քան Ձեր պատասխանը: Ես հերթական անգամ համոզվում եմ, որ դուք բարձրանում եք ամբիոն միայն ժամանակ շահելու համար, գոնե երեք րոպեն լրացնեիք», - նշեց նա:

Վերջինս նշեց, որ նա գնալով համոզվում է, որ կառավարությունն ի զորու չէ նման հարցեր քննարկել:

«Ձեզ վարչապետ նշանակել են այն մարդիկ, որոնցից մեկը փչացրել է ճարտարապետական հուշարձանը», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Իսկ ի պատասխան սրան վարչապետն էլ նշեց. « Ձեզ համար կարևոր չէ թե ինչ հարց է քննարկվում, ձեզ բովանդակությունը չի հետաքրքրում: Մենք ձանձրացել ենք ձեր գնահատականներից: Ձեր գնահատականներն արդեն դառնում են անհետաքրքիր»: