Իսրայելը Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ 25 երկրների համատեղ հայտարարությունը համարում է «իրականությունից կտրված», հայտարարել է հրեական պետության արտգործնախարարությունը։
«Իսրայելը մերժում է երկրների խմբի հրապարակած համատեղ հայտարարությունը, քանի որ այն կտրված է իրականությունից և սխալ ազդանշան է ուղարկում ՀԱՄԱՍ-ի շարժմանը, – ասված է Իսրայելի ԱԳՆ կայքում զետեղված պաշտոնական հայտարարության մեջ։ -[Երկրների խմբի] հայտարարությունը չի ճանաչում ՀԱՄԱՍ-ի դերն ու պատասխանատվությունը ստեղծված իրավիճակում։ ՀԱՄԱՍ-ը միակ կողմն է, որը պատասխանատու է պատերազմի շարունակության և երկու կողմերի տառապանքների համար», – հավելել են նախարարությունում։
«Կա հրադադարի կոնկրետ առաջարկ, և Իսրայելը բազմիցս համաձայնել է այս առաջարկին, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը համառորեն հրաժարվում է ընդունել այն», – շարունակել է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով, որ արմատականների կողմից պատանդների ազատ արձակման վերաբերյալ «նուրբ բանակցությունների» ընթացքում «ավելի լավ է խուսափել նման հայտարարություններից»։ Բացի դրանից, «բոլոր պահանջները պետք է հասցեագրված լինեն ՀԱՄԱՍ-ի շարժմանը, որը սկսեց այս պատերազմը և երկարաձգում է այն», – հավելել է Արտաքին գործերի նախարարությունը։ -Հրադադարին համաձայնելու փոխարեն, ՀԱՄԱՍ-ն ակտիվորեն արշավ է վարում Իսրայելի մասին ստեր տարածելու համար», – եզրափակել են ԱԳՆ-ում։
Ավելի վաղ 25 երկրների արտգործնախարարները և պատրաստվածության և ճգնաժամերի կառավարման հարցերով եվրահանձնակատար Հաջա Լաբիբը Իսրայելին կոչ էին արել դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում և թույլատրել այնտեղ մարդասիրական օգնության մատակարարումը։