2024 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող Իսպանիայի և Ամերիկայի գավաթի հաղթող Արգենտինայի հավաքականների միջև Ֆինալիսիմայի հանդիպումը, ինչպես արդեն նշվել էր, նախատեսվում է անցկացնել 2026 թվականի մարտին։ Այս մասին հայտնում է ճանաչված լրագրող Գաստոն Էդուլը։
Նրա տեղեկություններով՝ հանդիպումը կկայանա մարտի 17-ից 25-ը ընկած ժամանակահատվածում։ Ճշգրիտ օրը և անցկացման վայրը դեռևս չեն հաստատվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2025 թվականի ազգային հավաքականների միջազգային օրացույցում Ֆինալիսիմայի համար տեղ չի գտնվել, ինչի պատճառով մրցաշարը տեղափոխվել է 2026 թվական։
Սա կլինի Ֆինալիսիմայի պատմության չորրորդ խաղարկությունը։ Նախորդ անգամ տիտղոսը նվաճեց Արգենտինայի հավաքականը, որը 2022 թվականին Լոնդոնում կայացած վճռորոշ խաղում 3։0 հաշվով հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիային։ Այդ խաղում գոլերի հեղինակ դարձան Լաուտարո Մարտինեսը, Անխել դի Մարիան և Պաուլո Դիբալան։