Ադրբեջանի կողմից Ղարաբաղը ձեռք բերելուց հետո Ռուսաստանի հետ հարաբերություններում զգուշավորության մոտիվները շեշտակի նվազել են և իրենք հիմա ուղղակի ցույց են տալիս, որ Ռուսաստանի ազդեցության լծակները Ադրբեջանի վրա շեշտակի նվազել են։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 1–ին, «5–րդ ալիքին» տված հարցազրույցում նշեց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Սա ուղիղ հետևանք է Ղարաբաղի հարցում այն իրադարձությունների, որոնք այսօր հողի վրա կան։ Ադրբեջանը ավելի համարձակ է դարձել, Ադրբեջանը ինչ-որ չափով փոխարինում է Ռուսաստանին Եվրոպան նավթով, գազով մատակարարելու գործում։ Սա իրենք փորձում են կապիտալիզացնել նաև ավելի համարձակ կեցվածքով։ Սա սպասելի բան էր»,– ասաց Քոչարյանը։


Նա կոչ արեց մտածել ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի շահերի, ՀՀ անվտանգության մասին. «Եկեք փորձենք հասկանալ այս տարածաշրջանում ո՞ր երկրներն են սպառնալիք Հայաստանի Հանրապետության համար։ Ո՞ր երկրներն են, որ աչք ունեն մեր տարածքների նկատմամբ: Ուղիղ սպառնալիք են Թուրքիան, Ադրբեջանը։ Ադրբեջանը ամենից բարձր մակարդակով հայտարարում է, որ Սևանը իրենցն է, Երևանը Էրիվան է, ադրբեջանական քաղաք է, Զանգեզուրը ադրբեջանական է։ Հաջորդ քայլով պետք է հասկանանք, իսկ ո՞ր երկիրն է, որ ընդունակ է, այդ կարողությունը ունի և այդ շահերը ունի տարածաշրջանում, որը կարող է զսպել Ադրբեջանին և Թուրքիային։ Ո՞նց պտտվեք, այդպիսի մի երկիր կա՝ Ռուսաստանը։ Հաստատ Ֆրանսիան չի, Ֆրանսիան այստեղ կենսական շահեր չունի, Ֆրանսիայի բանակը 200 հազար մարդ է, որից մարտական պատրաստվածություն հողի վրա ունի ընդամենը 50000 մարդ, այդքանն էլ չկա այսօր։ Ադրբեջանին և Թուրքիային զսպելու միակ հնարավորությունը Ռուսաստանն է և շահերն են Ռուսաստանին այստեղ։ Հիմա հմուտ ղեկավարը նման դեպքում փորձում է այնպիսի հարաբերություններ կառուցել այն երկրի հետ, որի հնարավորությունները զսպելու սպառնալիքները կաշխատեն Հայաստանի Հանրապետության համար։

Հիմա ի՞նչ է արել Հայաստանի ղեկավարությունը, թշնամանում է Ռուսաստանի հետ և փորձում է բարեկամանալ այն երկրների հետ, որոնք ուղիղ սպառնալիք են Հայաստանի համար։ Հիմա սա ողջամտության հետ որևէ առնչություն ունի՞, թե՞ չունի։ Այսպես միջազգային հարաբերությունները չեն աշխատում։


Ադրբեջանի ու Թուրքիայի ախորժակը Հայաստանի նկատմամբ զսպելու հնարավորությունը Ռուսաստանն է։ Եթե մեկը ասի՝ Միացյալ Նահանգներն է, թող լինեն Միացյալ Նահանգները, բայց ԱՄՆ–ն այդ հնարավորությունը տարածաշրջանում չունի և ցանկությունը չունի։

Խաղաղության պայմանագիրը ոչ թե թուղթ է լինելու զրոյական արժեքով, այլ խաղաղության պայմանագիր, թե դու ունենաս նաև մի հսկա հզոր երկիր, որը կերաշխավորի պայմանավորվածությունների կատարումը։ Միջազգային հարաբերությունը այսպես են աշխատում։

Հիմա դու քո պլյուսները չեզոքացնում ես, աղբանոց ես գցում և գնում ես փնտրում ինչ-որ մի տեղ ինչ-որ դրական բաներ, որտեղ չկան։ Հարավային Կովկասի նկատմամբ առնվազն 250 տարի մրցակցություն է Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Այդ մրցակցությունը մի քանի անգամ վերացվել պատերազմի, հետո խաղաղության, բայց եղել է այդպես և բան չի փոխվել և չի փոխվելու։ Հիմա իմ ասածը հետևյալն է. այս խաղաղության պայմանագիրը շատ ավելի մեծ հաջողությամբ ու երաշխիքներով կլինի այն ժամանակ, եթե դու ունենաս քո թիկունքում զսպող հնարավորություններ:

Եթե մինչև այսօր Հայաստանի ղեկավարությունը դա չի հասկանում, ուղղակի աշխարհաքաղաքական տգիտության նշան է, իրենք ընդունել են, որ իրենք ուղղակի ինքնահռչակ տգետներ են»,– հայտարարեց նա։