Դոնալդ Թրամփը «հստակ հասկացրել է», որ Հնդկաստանի համար նման գործողությունների շարունակումն «անընդունելի է», հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Սթիվեն Միլլերը։ «Շատերին ցնցում է այն փաստը, որ Հնդկաստանը ռուսաստանյան նավթի գնումների ծավալներով գրեթե հավասարվել է Չինաստանին։ Դա ապշեցուցիչ է»,- հավելել է նա։
Վաշինգտոնն ուժեղացրել է ճնշումը Նյու Դելիի վրա՝ պահանջելով, որ Հնդկաստանը հրաժարվի ռուսաստանյան նավթի գնումներից։ Հնդկաստանի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել այս կոչերը։ Նյու Դելիում Reuters գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկիրը մտադիր է շարունակել հումք գնել ՌԴ-ից։
Հուլիսի 14-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ բանակցություններում Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները 100%-անոց երկրորդային մաքսատուրքեր կսահմանեն Ռուսաստանի առևտրային գործընկերների դեմ, եթե առաջիկա 50 օրվա ընթացքում Ուկրաինայում խաղաղության համաձայնագիր ձեռք չբերվի։ Հուլիսի 29-ին նա այդ ժամկետը կրճատել է մինչև 10 օր, իսկ հաջորդ օրը 25%-անոց մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի դեմ, այդ թվում՝ ՌԴ-ի հետ առևտրի համար։