Այսօր վաղ առավոտյան Կառավարությունից հայտնեցին, որ օգոստոսի 7-8-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի ԱՄՆ։
Վաշինգտոնում Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ «միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը»,-նշված է պաշտոնական հաղորդագրությունում:
Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ կողմերը պատրաստվում են փոխըմբռնման հուշագիր ստորագրել՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։
Չնայած նրան, որ Ալիևը շարունակում է առաջ տանել իր հայտնի նախապայմանները, իշխանական աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն այս փուլում պատրաստ է խաղաղության՝ առանց որևէ նախապայմանի։ Վարչապետը թիմի ներսում տեղի ունեցած քննարկումների ժամանակ շեշտել է, որ «որոշակի փաստաթուղթ, ամենայն հավանականությամբ, կստորագրվի»։ Նույն աղբյուրների փոխանցմամբ, ԱՄՆ-ն առաջարկել է Սյունիքի հարցի լուծման մի տարբերակ, որը ենթադրում է արտապատվիրակված մոդել՝ առանց «միջանցքի» ձևակերպման, սակայն ենթադրելի է՝ վերահսկողության որոշակի տարրերով։ Այս զարգացումները տեղի են ունենում այն պայմաններում, երբ Արցախի ամբողջական կորուստն արդեն փաստ է, Հայաստանի երեք մարզերից օկուպացված տարածքները մնում են Բաքվի վերահսկողության տակ, և տասնյակ հայ գերիներ շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։ Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը խաղաղության ուղին նախընտրում է անցնել առանց պահանջների՝ մեկ նպատակով. ընտրություններին ընդառաջ ցուցադրել միջազգային հարթակներում ստորագրված փաստաթուղթ, որի վրա գրված կլինի «խաղաղություն» բառը։
Գերիները կսպասեն։ Օկուպացված տարածքները՝ ևս։ Արցախցիներին մնում է հարմարվել։ Իսկ Վաշինգտոնում, ամենայն հավանականությամբ, ստորագրվելու է մի փաստաթուղթ, որը ներկայացվելու է որպես «պատմական առաջընթաց»։