Ըստ euronews-ի հրապարակման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ ուրբաթ օրը ստորագրված խաղաղության գործարքին արագ արձագանքել են հարևան երկրներն ու միջազգային կառույցները։ Թեհրանը, սակայն, հայտարարում է, որ կխոչընդոտի իր սահմանների մոտ ցանկացած արտաքին միջամտություն։
Ռուսաստանը, ինչպես նաև Վրաստանի ընդդիմությունը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ողջունել են համաձայնագիրը։ Կոբախիձեն այն որակել է կայունության և տնտեսական զարգացման նոր դարաշրջանի սկիզբ։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նշել է. «ԱՄՆ-ում կայացած Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը արժանի է դրական գնահատականի։ Տարածաշրջանից դուրս գտնվող դերակատարների ներգրավումը պետք է նպաստի խաղաղության օրակարգի ամրապնդմանը, այլ ոչ թե ստեղծի դժվարություններ»։
Եվրամիությունն ու ՄԱԿ-ն էլ համաձայնագրին տվել են դրական գնահատական՝ այն դիտարկելով որպես կայուն խաղաղության հասնելու կարևոր քայլ։ ԵՄ հարպարակած հայտարարության հիմնական դրույթները հետևյալն են.
– «Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր ձեռք բերված համաձայնությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի կողմից, ԱՄՆ Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ նշանակալի առաջխաղաց են։ Մենք բարձր ենք գնահատում երկու կողմերի և ԱՄՆ վարչակազմի ջանքերը՝ պահը օգտագործելու և առաջընթացը հնարավոր դարձնելու համար»։
– «Քանի որ անցած մարտին ավարտվել էին խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունները, սա հարաբերությունների լիակատար նորմալացման ուղղությամբ կարևոր և վճռական հաջորդ քայլն է՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման վրա՝ 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Այսօրվա համաձայնեցված քայլերի իրականացումը, ակնկալվում է, որ դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի խաղաղ զարգացման վրա և կօգնի հակամարտության ժառանգությամբ բաժանված հասարակություններին մոտեցնել կայուն խաղաղության և ընդհանուր բարեկեցության»։
– «ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան նորմալացման գործընթացին և տարիներ շարունակ երկու կողմերի ու մեր միջազգային գործընկերների հետ աշխատել է կայուն խաղաղության պայմաններ ստեղծելու համար»։