«Երեկ ԱԺ– ն ավարտեց համաներում հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկության քննարկումը։ Համաներման նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, սակայն, խնդրեց հետաձգել քվեարկությունը։
Մեր տեղեկություններով, նախագիծը կազմելիս բացթողում է եղել, փաստաթղթի 9-րդ հոդվածում, որտեղ թվարկվում են Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնցով դատապարտվածների վրա համաներումը չի տարածվում, տեղ են գտել միայն Քրօրի 138-րդ հոդվածի (բռնաբարություն) 2-րդ և 3-րդ կետերը։ Այսինքն, ստացվել է, որ 138֊րդ հոդվածի 1-ին կետի վրա համաներումը տարածվում է։ Վաղը, երբ խորհրդարանին կներկայացվի փաստաթղթի վերջնական տարբերակը, բռնաբարության հոդվածն իր բոլոր կետերով նշված է լինելու «համաներում չկիրառել» հատվածի մեջ։ Փաստաթղթում մի քանի թեթև շտկումներ էլ են սպասվում։ Համաներման նախագիծը քվեարկության կդրվի այսօր։ Արդարադատության նախարարը երեկ հայտարարեց, որ խորհրդարանից 1 օր ժամանակ է խնդրում՝ պատգամավորների կողմից արված առաջարկներն ի մի բերելու համար»։