Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հռչակագիրը կարող է վերջ դնել գրեթե չորս տասնամյակ տևած հակամարտությանը։ Այդ իրադարձությունը վիթխարի նշանակություն ունի տարածաշրջանի համար, գրում է Energy Intelligence-ը։


ԱՄՆ-ի այս քայլը ոչ միայն խաղաղության և առևտրային գործարքների ձգտում է, այլև աշխարհաքաղաքական գամբիտ Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի ռազմավարական խաչմերուկում, որը սպառնում է Ռուսաստանի և Իրանի շահերին և համընթաց ռիսկեր է ստեղծում։


ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի կենտրոնական տարրը 20 մղոնանոց միջանցքի 99-ամյա վարձակալությունն է, որը կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Թրամփի երթուղին կարող է ներառել երկաթուղային գծեր, հաղորդակցական ցանցեր և նավթագազային խողովակաշարեր, որոնք անցնելու են Հայաստանի հարավով՝ Իրանի հետ սահմանի երկայնքով։

Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագիծը կխթանի էներգիայի և այլ ռեսուրսների արտահանումը: Որոշ վերլուծաբաններ կասկածի տակ են դրել նոր խոշոր նախագծի առևտրային կենսունակությունը՝ հաշվի առնելով Վրաստանի տարածքով անցնող առևտրային և էներգետիկ ուղիները, ներառյալ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը։

Վերջնական խաղաղության համաձայնագիրը դեռևս բախվում է զգալի քաղաքական խոչընդոտների, բայց կարող է հիմք դառնալ հիմնական տրանսպորտային միջանցքների զարգացման համար: Կասպից ծով-Եվրոպա միջանցքի ընդլայնումն ու խորացումը սպառնում է խոչընդոտել Ռուսաստանի ջանքերին՝ զարգացնելու իր սեփական միջազգային Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, որը կձգվի Բալթիկ ծովից մինչև Իրան և դրանից այն կողմ։

International Crisis Group վերլուծական կենտրոնի Թուրքիայի գծով փորձագետ Նիգար Գյոքսելը պնդում է, որ ԱՄՆ-ի նախատեսված ներգրավվածությունը Արևելք-Արևմուտք նախագծում ամբողջովին չի բացառում Ռուսաստանի և Իրանի համար Հյուսիս-Հարավ միջանցքը։

«Այն, որ դա Ռուսաստանին ոչ մի լավ բան չի խոստանում, անվիճելի է», սակայն ավելի կարևոր է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունների ավելի լայն ազդեցությունը, հայտարարել է ռուսաստանցի փորձագետ Ֆեոդոր Լուկյանովը: Նա հավելել է, որ սխալ կլինի մտածել, որ դա ազդեցություն չի ունենա Հյուսիսային Կովկասի վրա։

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որ, վերջին հաշվով, ադրբեջանական նավթի և գազի մատակարարումները Հայաստան Երևանին կապահովեն այլընտրանք Ռուսաստանի կողմից Հայաստանի էներգամատակարարման մենաշնորհին, բայց տարածաշրջանն իսկապես կփոխակերպի երկար սպասված Տրանսկասպյան խողովակաշարը, որը թուրքմենական գազը Ադրբեջանի միջոցով կհասցնի Եվրոպա։

«Էներգետիկ հետևանքները կախված կլինեն ոչ այնքան Ադրբեջանից, որքան նրանից, թե ինչ կարելի է ուղղել դեպի արևելք»,- նշել է նա։ Սեկուտան հավելել է, որ Թրամփի քայլը նշանակալի քայլ է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի սերտորեն փոխկապակցված տարածաշրջաններում ԱՄՆ ներգրավվածությունը մեծացնելու ուղղությամբ։

Տարածաշրջանային զարգացումներն ամրապնդել են Թուրքիայի դիրքերը։ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղությունը կարող է իր հերթին հանգեցնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս տարածաշրջանային զարգացումները տեղի են ունենում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև վատթարացող հարաբերությունների պայմաններում, ինչը հետևանքներ ունի էներգետիկ ոլորտի համար։ Ռուսաստանը ռմբակոծել է Ուկրաինայի ադրբեջանական նավթագազային օբյեկտները նույն օրը, երբ Ալիևը Սպիտակ տանն էր, ինչը մատնանշում է առջևում առկա ռիսկերը։

ԱՄՆ-ի ավելի խոր ներգրավվածությունը Հարավային Կովկասում անցանկալի նորություն է նաև Իրանի համար։ Իրանը մտահոգված է ոչ միայն իր սահմանին ԱՄՆ-ի վերահսկողության տակ անցնելիք միջանցքի հեռանկարով, այլև Թուրքիայի և Ադրբեջանի միջև աճող դաշինքով, ինչպես նաև Բաքվի և Իսրայելի միջև անվտանգության սերտ կապերով: Այն բանի նշաններից մեկը, որ Ադրբեջանը դուրս է մղում Իրանին ավելի լայն տարածաշրջանում, Թուրքիայի հետ նրա համագործակցությունն է Սիրիային գազ մատակարարելու հարցում: