Իմ խնդիրն ամենևին էլ վեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելը և մեկ ուրիշ կետրիճներսիսյանակերպ մեկի այնտեղ կարգելը չէ: Ո՛չ, սա հոգևրոր նորոգման մասին է: Ընդ որում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր նորոգման մասին է, բայց մեծ հաշվով՝ բոլորիս, որովհետև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր բոլոր բարոյական արժեքների էպիկենտրոնն է, և եթե այդ էպիկենտրոնն ախտահարված է, արժեքահեն հանրություն ունենալու օրակարգի մասին խոսելն առնվազն լուրջ չէ: Մենք արժեքահեն հանրություն սկսելու գործընթացն անպայման պետք է սկսենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 28-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լեգենդներ են հյուսվում, թե ինչ-որ բռնություններ են պատրաստվում, բռնի մեթոդներ են որդեգրվում... Հարգելի՛ գործընկերներ, մեր քաղաքական պրոցեսո՛ւմ բռնություն չենք արել, ուր մնաց թե՝ Հայ Առաքելական Եկեղեցու պրոցեսների հետ կապված բռնության դիմենք:
Համոզված եմ, որ չկա ավելի մեծ ուժ, քան հոգևոր ուժը, և երբ հոգևոր ուժի կուլմինացիան տեղի կունենա, մնացածը տեղի կունենա վայրկյանների ընթացքում: Իսկ որ այդ կուլմինացիան տեղի կունենա, ես դրանում չեմ կասկածում: Այդ կուլմինացիան արդեն իսկ տեղի է ունեցել»,- ասաց նա՝ հավելելով, որ իրականում Կտրիճ Ներսիսյանի՝ ընտանիք ունենալու մասին լուրը գիտեն բոլորը, և որ այդ լուրը Փաշինյանից չէ, որ իմացել է հանրությունը:
«Ճիշտ կանի Կտրիճ Ներսիսյանը՝ ամեն ինչ չհասցնի նրան, որ այն, ինչ քիչ առաջ ասացի, Էջմիածնի կենտրոնական հրապարակում դառնա անբեկանելի, անքննելի իրողություն:
Ես նրան կոչ եմ անում ուղղակի կամավոր այդ որոշումը կայացնել: Այս շրջանը, իմիջիայլոց, շատ լավ և հարմար շրջան է, որովհետև, ինչպես տեսնում եք, իմ օրակարգը գերբեռնված է միջազգային այցերով, բայց այդ կարևոր գործի համար ժամանակ կգտնեմ: Բայց ճիշտ կլինի՝ Կտրիճ Ներսիսյանը ժամանակը չվատնի և կայացնի այն որոշումը, որը պետք է կայացնի, և կայացնի այն որոշումը, որը չի կարող պարզապես չկայացվել»,- ասաց Փաշինյանը
Ինչ վերաբերում է նոր կաթողիկոս ընտրելու նպատակով հանձնաժողովի ստեղծման աշխատանքներին, ինչպես նաև հայտերին, որոնք պետք է դառնան այդ հանձնաժողովի անդամ, Փաշինյանը նշեց, որ դիմումների թիվը 100-ից ավելի է, և թեկնածուների հետ հանդիպումների արդյունքում անձամբ է ստուգում՝ վերջիններս համապատասխանո՞ւմ են պահանջներին, թե՞ չեն համապատասխանում:
«Նա, ով ինքն այդ չափանիշների կրողն է, համոզված եղեք, որ իր համար բացարձակապես դժվար չէ ստուգել դիմացի կանգնած մարդու համապատասխանությունն այդ չափանիշներին, համապատասխանո՞ւմ է, թե՞ չէ: Համոզված եմ, որ կարող եմ ցանկացած դեպքում ստուգել այդ մարդու համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կարևոր է, որ պրոցեսի հոգևոր անաղարտ բաղադրիչը պահպանվի: