«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր ծրագիր է ներկայացրել, ինչի մասին հայտարարություն է տարածել պաշտոնական կայքում․ «2025 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 10։00-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (հասցե՝ Երևան, 0028, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք) տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական համաժողովը, որի օրակարգային հարցերից մեկը Կուսակցության նոր Ծրագրի ընդունումն է։ Ստորեւ ներկայացնում ենք նոր Ծրագրի՝ ՔՊ Վարչության կողմից հաստատված նախագիծը․

ՆԱԽԱԳԻԾ

Իրական Հայաստանի գաղափարախոսությունը երազանքի հայրենիքի փնտրտուքը դադարեցնելու մասին է. Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է։

Ծրագիր

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության

Իրական Հայաստանի սույն գաղափարախոսության իրագործումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական և պատմական առաքելությունն է:

Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է՝ միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով:

Հայաստանի Հանրապետության առաջընթացի և զարգացման՝ Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված տեսլականը բազմաշերտ է և պետք է արտահայտվի պետական, հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

Սույն Ծրագրով (այսուհետև՝ Ծրագիր) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (այսուհետև՝ Կուսակցություն) ստանձնում է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության կառավարման հայեցակարգ, և 2026թ. հերթական խորհրդարանական ընտրություններում այս ծրագրով և գաղափարախոսությամբ քաղաքացիներից ակնկալելու է Հայաստանի Հանրապետության կառավարման մանդատի երկարաձգում ևս 5 տարով:

1. Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրո՛ւ պետությունդ – Հայրենիքը հայերիս լեզվամտածողության ամենահարազատ հասկացություններից է: Բայց այն չի առնչակցվում իրավունքների և պարտականությունների համակարգին, ունի աշխարհագրական ընկալման տարբերակներ, այսպիսով՝ զուրկ է հավաքական հստակությունից: Իրական Հայաստանի սույն գաղափարախոսությունը, առերեսվելով այն փաստի հետ, որ մեր պատմության առնվազն վերջին 650 տարիների ընթացքում հայրենիքը հիմնականում չի համընկել պետության հետ, հայրենիքը նույնացնում է միջազգայնորեն ճանաչված պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ, հայրենասիրությունը՝ այդ պետության շահերի, դրանում ճանաչված իրավունքների ու պարտականությունների համակարգի հետ: Հայրենասիրության այս մոդելի զարգացման համար էական է, որ ժողովուրդը, քաղաքացին ինքն իրեն ընկալի ոչ միայն որպես պետության հիմնադիր, այլև պետության մեջ հաստատված իրավակարգի աղբյուր, պետության մեջ հաստատված սահմանադրական կարգը ընկալի որպես համակեցության՝ իր մասնակցությամբ ձեռք բերված համաժողովրդական պայմանավորվածություն և ոչ թե ուրիշների կողմից պարտադրված կանոնների համախումբ: Այս համակարգի համար էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեները առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս: Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային (մնացորդային) գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ մեր ինքնության նոր՝ առավել հասուն փուլ, որի առանցքային ըմբռնումն է, որ մեր ինքնությունը մեր պետությունն է, մեր պետությունն է մեր ինքնությունը։

2. Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ – Ազգ և ժողովուրդ հասկացությունները հաճախ նույնացվում են: Բայց քաղաքական դիտանկյունից դրանք էականորեն տարբերվում են՝ շարունակելով փոխկապակցված լինել մեկը մյուսին: ՀՀ սահմանադրական ավանդույթով՝ հենց ժողովուրդն է սահմանադիր իշխանության աղբյուրը։ Ազգը, ըստ այսմ, էթնիկ ընդհանրություն ունեցող հավաքականությունն է, որը կապված չէ քաղաքական ընդհանուր իրավունակությամբ, իսկ ժողովուրդը քաղաքական իրավունակությամբ օժտված հավաքականությունն է, որն ունի ընդհանուր քաղաքացիություն, ասել է թե՝ ժողովուրդը պետականակերտ ինստիտուտն է, սահմանադիրը, իշխանության աղբյուրը և իշխանության գերագույն կրողը: Հայ ժողովուրդը հայ ազգի պետականակերտ մասն է: Հայ ժողովուրդը Հայաստանի ժողովրդի առանցքն է: Հայաստանի ժողովրդի մաս են նաև այլ ազգերի ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ քաղաքացիները: Հայաստանի ժողովուրդը, հիմնված լինելով հայ ազգի պետականակերտ կամքի վրա, միավորում է բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից, ընդհանուր քաղաքացիական նպատակների շուրջ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունը, լինելով բոլոր հայերի հայրենիքը, պատրաստ է ընդունել աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչներին որպես իր լիիրավ քաղաքացիներ։

3․ Այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց – Ժողովուրդը պետություն է ստեղծում որպես բարեկեցության գործիք: Պետությունը հայաստանյան իրականությունը պարբերաբար փոթորկող «որտեղ հաց, այնտեղ կաց» ասացվածքի նպատակակետն է, այսինքն՝ այն տեղը, որտեղ կա հաց, որովհետև պետությունն այն գործիքն է, որով ստեղծվում է հաց, ասել է թե՝ բարեկեցություն, և հետևաբար՝ այդտեղ պետք է մնալ: Պետությունը ժողովրդի բարեկեցության փնտրտուքի արգասիք է, բարեկեցությունը՝ երջանկության հասնելու համար անհրաժեշտ պայման: Այս ընկալումը խորթ է եղել մեր իրականությանը, որովհետև դարեդար հայրենիք, պետություն, հաց հասկացությունները տարանջատված են եղել իրարից: Հացը վաստակվել է ուրիշների կողմից ստեղծված և/կամ ուրիշ տեղերում գտնվող պետություններում՝ հայրենիքին վերապահելով մեկուսի, բայց նվիրական ավանդույթների ու արժեքների կոնսերվացման տեղի գործառույթ, հայրենիքի, պետության ու հացի միջև դեգերումները վերածելով հայերիս սոցիալ-հոգեբանության առանցքային բաղադրիչի: Ծրագիրը հաց, հայրենիք, պետություն հասկացությունների նույնացումը խնդիրներից «արտագաղթելու» հայեցակարգը փոխարինում է խնդիրներին առերեսվելու և դրանք լուծելու հայեցակարգով: Այս գործընթացում էական նշանակություն ունի բարեկեցության (անվտանգություն, ազատություն, արդարություն, կենցաղ, երջանկություն) ստանդարտի սահմանումը, դրա իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը որպես ռազմավարություն որդեգրելը, և պետության՝ որպես ռազմավարության իրագործման գործիքի և նշված ստանդարտի իրագործման տարածքի գիտակցումը: Այս համատեքստում կարևոր է արձանագրել, որ պետությունը սեփական բախտը որոշելու, ճակատագիրը կանխորոշելու լավագույն գործիքն է քաղաքացու և ժողովրդի համար, և որ մարդու լավագույն կյանքը հնարավոր է միայն պետության մեջ: Իր ստեղծած պետության մեջ:

4․ Հարստացիր և հարստացրու – Հարստանալը և հարստացնելը հանրային բարեկեցություն հաստատելու առանցքային խթան են, և այս խթանը պետք է տեղավորել ոչ թե փողի հետևից մրցավազքի, այլ արդյունք ստեղծելու համար մրցակցության՝ անհատին և պետությունը զարգացնող տրամաբանության մեջ: Լավ ապրելը պետք է դառնա կանոն՝ այն ըմբռնմամբ, որ լավ ապրելու միակ գործիքը արդյունավետ աշխատելն է, շատ վաստակելը, արդյունավետ ծախսելը։ Սա վերաբերում է թե՛ անհատին, թե՛ պետությանը, ընդ որում՝ թե՛ պետությունը, թե՛ անհատը պետք է կապված լինեն նաև իրար հարստացնելու փոխադարձ ցանկությամբ, հանրությունը, խմբերը, անհատները պետք է համախմբված լինեն իրար հարստացնելու փոխադարձ մղմամբ, նաև այն պատճառով, որ համապատասխան միջավայր ունենալն է հաջողության կարևորագույն գրավականը, ինչից բխում է, որ հարստանալու և հարստացնելու պետական տրամաբանությունը հնարավոր է միայն օրինականության, օրենքի առաջ բոլորի հավասարության, արդարության, ստեղծագործականության միջավայրում: Եթե այսպիսի միջավայրում շատ աշխատելը չի բերում շատ վաստակի, ուրեմն աշխատանքն արդյունավետ (արտադրողական) չէ: Եթե շատ ծախսելը չի հանգեցնում բարեկեցության, ուրեմն ծախսը (ներդրումը) արդյունավետ չէ: Նշված համատեքստում էական է փողի նկատմամբ հանրային և անհատական վերաբերմունքի փոփոխությունը՝ այն չարի և բարու տրամաբանությունից դուրս դնելու, որպես խնդիրներ լուծելու, օրինական աշխատանքի և գործունեության գնահատման գործիք ընկալելու իմաստով:

5․ Մարդը բարձրագույն արժեք է: Սա նշանակում է, որ մարդու առաջնային կարիքները հոգալը առաջնահերթություն է – Հացի, փողի, հարստության, լավ ապրելու մասին խոսույթի ներառումը անսովոր է մեր քաղաքական մշակույթի համար և կարող է գնահատվել որպես «բարձր քաղաքականության» արժեզրկում: «Բարձր արժեքների վրա հիմնված քաղաքականությունները», սակայն, երբեմն տեսադաշտից բաց են թողնում արժեքներից բարձրագույնին՝ մարդուն, նրա ամենօրյա կենսական կարիքները, ապրելու և կյանքը վայելելու բնական մղումը: Սույն Ծրագրի առանձնահատկությունը մարդուն և նրա կարիքները առանցքում դնելու գործնական մոտեցումն է՝ այն ըմբռնմամբ, որ մարդու կարիքները հենց ինքը՝ մարդը, նախ և առաջ պետք է հոգա, և պետական քաղաքականությունները ուղղված պետք է լինեն մարդուն դրա համար անհրաժեշտ կրթությամբ, հմտություններով, կարողություններով, գիտելիքով օժտելուն, մարդու տաղանդը բացահայտելուն, զարգացնելուն, դրա իրացման համար անհրաժեշտ հնարավորություններ և միջավայր ձևավորելուն: Վերը նշվածի առանցքում պետք է լինեն կանանց և տղամարդկանց համար հավասար արդյունքների հասնելու համակարգերի ձևավորումը, ներառականությունը, խտրականության բացառումը, անձի ինքնավարության հանդեպ հարգանքն ու աջակցությունը։

Հոգևոր, մշակութային արժեքներին նույնպես Կուսակցությունը նայում է այս դիտանկյունից: Այդ արժեքները ունեն ոչ թե երկնային նշանակություն, այլ մարդու կենսական կարիքների անբաժան մաս են, որովհետև մարդը ունի ինչպես նյութական, կենցաղային, այնպես էլ հոգևոր-մշակութային կարիքներ, և արժեքները արժեքավոր են այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են մարդուն մոտիվացնելու, ներդաշնակ դարձնելու, երջանկություն ապահովելու համար: Այս իմաստով կարևոր են մարդու ազգային և պետական ինքնությունը, ազգային և պետական արժեքները, որոնցից մի մասի հետ մարդը առնչվում է անմիջապես, մյուս մասը մարդու համար գոյություն ունի որպես գիտակցություն, որպես համոզմունք: Իրական Հայաստանը հիմնված է հայ ժողովրդի ազգային արժեքների վրա:

Ըստ այդմ հայ ժողովրդի (Հայաստանի Հանրապետության) ազգային արժեքներն են՝

– Հայաստանի Հանրապետությունը;

– ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը, պետությունը, պետականությունը;

– Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, մարդասիրությունը, հարգանքը և հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ;

– Հայրենիքը, ընտանիքը, անհատը;

– Հայաստանի պատմությունը, հայ բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները;

– Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին, քրիստոնեությունը;

– Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը՝ ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը;

– Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը;

– Հայ ժողովրդական, հոգևոր, աշուղական, գուսանական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը;

– Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ;

– Տարածաշրջանային պատկանելությունը, համաշխարհային քաղաքակրթությունը, տարածաշրջանային, դասական և ժամանակակից մշակույթը;

– Եղբայրական զգացումները և հարաբերությունները ՀՀ ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ: Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ավանդույթները, կրոնները, հավատալիքները;

– Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են հայ ժողովրդի (Հայաստանի Հանրապետության) վերը նկարագրված ազգային արժեքները:

6. Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դո՛ւ ես – Անհատական ջանքը պետության զարգացման առանցքային պայման է: Այդ պայմանը սկսում է արդյունավետ գործել միայն այն պահից, երբ անհատը գիտակցում է սեփական ջանքի ազդեցությունը: Պետության կարևորագույն գործառույթն է անհատի ջանքի արժևորումը և դրա դրսևորման հնարավորությունների ստեղծումը: Սա հնարավոր է կրթության միջոցով. կրթությունը պետության զարգացման ռազմավարության իրագործման առաջնային գործիքն է՝ այն ընկալմամբ, որ կրթությունը ցկյանս գործընթաց է և վերաբերում է նախադպրոցական կրթությանը, հանրակրթությանը, արտադպրոցական կրթությանը, մասնագիտական կրթությանը, բուհական, հետբուհական կրթությանը, ոչ ֆորմալ կրթությանը, մասնագիտական վերապատրաստմանը, մասնագիտական հմտությունների շարունակական զարգացմանը, վերամասնագիտացմանը, ինտելեկտուալ զարգացմանը, ինչպես նաև պետության ռազմավարական հաղորդակցությանը՝ այն իմաստով, որ քաղաքացի-պետություն հարաբերությունները կրթական հարաբերություններ են թե՛ քաղաքացու, թե՛ պետության համար: Կրթության համակարգը ուսումնառուին պետք է ուսուցանի բարեկեցիկ և լիարժեք կյանքի, երջանկության համար անհրաժեշտ հմտություններ: Անհատի դերը պետության զարգացման գործում առանցքային է, բայց նախ և առաջ առանցքային է սեփական բարեկեցության և երջանկության ապահովման մեջ: Սեփական բարեկեցությունն ու երջանկությունը կառուցելը անհատի առաջնային ներդրումն է պետության բարեկեցության և երջանկության ապահովման գործում:

7. Երջանիկ անհատ – Անհատը երջանիկ է, երբ ազատ է, պաշտպանված է, առողջ է, ստեղծագործ է, ներառված է, ունի սոցիալական միջավայր, սիրված աշխատանք, որի վաստակով՝ հասանելիություն առողջ սննդին, առողջ ապրելակերպին, անհրաժեշտ կենցաղային պայմաններին, պարբերաբար ճամփորդում է, սիրված է, հարգված է, հաղորդակից է հոգևոր կյանքին և/կամ մշակույթին: Սեփական երջանկության համար պայմաններ ապահովելով՝ անհատը միջավայր է ստեղծում նաև ուրիշ անհատների երջանկության համար: Երջանիկ անհատը հոգատար հանրության կարևոր նախադրյալ է։

8. Հոգատար հանրություն – Ինչպես անհատը իր հաջողությամբ միջավայր է դառնում հոգատար հանրության ձևավորման համար, այնպես հանրությունը դառնում է այն միջավայրը, որտեղ կայանում է անհատի զարգացումը: Կրթությունը, մշակութային կյանքը, աշխատանքը, անձի արժանապատիվ կյանք վարելու համար բավարար ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը, գործարարությունը, հոգատարությունը շրջակա միջավայրի նկատմամբ, առողջ սննդակարգը և ակտիվ ապրելակերպը, օրենքի նկատմամբ հարգանքը, բազմակարծությունը, իրավահավասարությունը, ներառականությունը, բռնության և խտրականության բացառումը, ժողովրդավարությունը և այս ամենի շուրջ հանրային համերաշխությունը մեծապես միջավայրային գործոններ են կամ առավել արդյունավետ դրսևորվում են համապատասխան միջավայրում: Ակտիվ գործարարության, մսուրայինից մինչև ցկյանս կրթության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, արդարության, օրենքի առաջ բոլորի հավասարության, ազատության, օրինականության պահապանը նաև հանրությունն է՝ որպես այդ արժեքների վրա կառուցված միջավայր: Հոգատար հանրությունը անհատի երջանկության կարևոր նախադրյալ է։

9. Հզոր պետություն – Պետությունը հզոր է այնքանով, որքանով զարգացած է նրա տնտեսությունը: Հետևաբար քաղաքականությունները պետք է միտված լինեն երկրի տնտեսական հզորացմանը: Պետական շահը տնտեսական զարգացումն է: Սա քաղաքականությունների ապաարժեքայնացման միտում չէ, որովհետև հանրային տրամադրությունը համարվում է տնտեսության զարգացման կարևորագույն գործոն: Արժեքները և նրանց նկատմամբ նվիրվածությունը, մշակույթը և կրթությունը անհատի և հանրության աշխատանքի, տնտեսական գործունեության մոտիվացման առանցքային գործոններ են: Արժեքահեն քաղաքականությունները պետք է միտված լինեն երկրի տնտեսության զարգացմանը:

10. Վերափոխումը ոչ միայն ամոթալի չէ, այլև կենսական անհրաժեշտություն է – Վերափոխումը կենսունակության առանցքային պայման է: Ինչպես անհատը, այնպես էլ հանրությունն ու պետությունը պետք է ռեֆլեքսիայի հմտությունը խորացնեն մինչև գենետիկ մակարդակ: Ճշմարտությունը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, այլևս ճշմարտություն չէ, նպատակը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, ինքնանպատակ է, համոզմունքը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, նախկինից մնացած տպավորություն է, իդեալը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, թերի է: Հարափոփոխ կյանքում կենսունակ լինելու միակ բանաձևը ռեֆլեքսիան է, ինքնահայեցումը, փոխվելու և վերափոխվելու ընդունակությունը: Վերափոխումը չի նշանակում ժխտում կամ անցյալից հրաժարում, այլ հենվում է անցյալի կենսունակ հիմքի վրա՝ դրանք հարստացնելով նոր բովանդակությամբ:

11. Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է – Ընտանեկան, գերդաստանային կապերի ամրության հայաստանյան ավանդույթը կենսական ռեսուրս է պետականության ամրապնդման համար: Անհրաժեշտ է այդ ավանդույթը ընտանեկան, տոհմային հարթությունից զարգացնել մինչև հանրային-պետական մակարդակ՝ վերաբերելի դարձնելով անհատի և պետության հարաբերություններին: Ժողովրդի և պետության առաջ անհատի առաջնային հոգսը հարկեր վճարելն է, ինչպես յուրաքանչյուր ընտանիքի յուրաքանչյուր անդամի առաջնային հոգսը ընտանիքի նյութական ապահովությունն է: Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեները յուրաքանչյուր ընտանիքի բյուջեի մաս են: Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեները յուրաքանչյուր ընտանիքի բարօրության համար ավելի մեծ միջոցներ են ծախսում, քան յուրաքանչյուր ընտանիք ինքն իր համար: Հետևաբար ինչպես որևէ մեկն ավելորդ չի համարում իր ընտանիքի կարիքները հոգալու համար անհրաժեշտ ծախսերը, այնպես էլ ավելորդ չպետք է համարի Հայաստանի Հանրապետության նկատմամբ հարկային պարտավորությունների կատարումը: Երկրի հարկային օրենսդրությունը պետք է ապահովի պետության պահպանման և զարգացման համար անհրաժեշտ միջոցների հավաքագրումը և պայմաններ ապահովի տնտեսության մեջ ավելացված առավել մեծ արժեքի ձևավորման, տնտեսության զարգացման համար:

12. Խաղաղությունը հարևանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է – Խաղաղությունը արտաքին հարաբերությունների վերջնանպատակն է: Եթե խաղաղությունը հաստատված է, այն շարունակում է մնալ արտաքին հարաբերությունների վերջնանպատակ՝ արտահայտվելով տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցությամբ: Խաղաղությունն առաջին հերթին տարածաշրջանային գործոն է, որովհետև խաղաղությունը կամ նրա բացակայությունը առաջին հերթին արտահայտվում է անմիջական հարևանների հետ հարաբերություններում, ապա միջազգային, ապա՝ համաշխարհային: Խաղաղությունը ռազմավարական և երկարաժամկետ առումով հնարավոր է, երբ դառնում է հմտություն, որը պիտի արտահայտվի հարևանների միջավայրում առանց արտաքին աջակցության և համագործակցված ապրելու կարողությամբ: Խաղաղությունն անվտանգության ամենահուսալի երաշխիքն է: Անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ են տարածաշրջանի երկրների փոխկախվածությունները, տարածաշրջանային և համաշխարհային մատակարարումների ցանցում և առևտրում երկրի ունեցած տեղը: Պաշտպանունակ բանակը նույնպես խաղաղության էական գործոն է, անկախության և պետականության էական բաղադրիչ:

13. Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ – Պետությունը սեփական բախտը որոշելու, ճակատագիրը կանխորոշելու լավագույն գործիքն է ժողովրդի համար, բայց այս նպատակին առավել արդյունավետ ծառայելու համար պետությունը պետք է լինի հնարավորինս անկախ: Փոխինտեգրված և գնալով ավելի փոխինտեգրվող աշխարհում անկախությունը ոչ միայն բացարձակ չէ, այլև երբեք չի եղել բացարձակ, որովհետև պետությունները այսպես թե այնպես կախված են այլ պետություններից: Հետևաբար անկախ եղել են, կան և կլինեն այն պետությունները, որոնք կախված են ոչ թե քչերից, այլ շատերից: Հետևաբար անկախության ռազմավարությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելու ռազմավարությունն է: Եթե պետությունը արդեն կախված է շատերից, ուրեմն պետք է խնդիր ունենա կախված լինել ավելի շատերից: Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության նպատակը նույնիսկ շատերից կախվածության մեջ անհամաչափություններ թույլ չտալն է: Սա նշանակում է ոչ թե բոլորից հավասար կախված լինել, այլ մեկից կախվածությունը համաչափորեն հավասարակշռել մյուսից կախվածությամբ, բայց այդ հարաբերության մեջ երբեք չլինել ստատիկ: Հավասարակշռումը անընդհատ գործընթաց է, որի անհրաժեշտությունը գնահատվում է պարբերաբար:

14․ Ապագա կա՛, կա՛ Ապագա – Ապագան այսպես թե այնպես գալու է: Իսկ թե ինչպիսին կլինի, կախված է երեկը ընկալելու և այն այսօրվա աշխատանքի գիտելիք և հմտություն դարձնելու կարողությունից: Ապագան այսօրվա աշխատանքի արդյունքն է: Ապագան այսօր է: Այսօր պիտի սկսենք լինել այնպիսին, ինչպիսին ուզում ենք լինել ապագայում: Ապագան նախագիծ է։ Կա՞ նախագիծ՝ կա՛ ապագա, չկա՞ նախագիծ՝ չկա՛ ապագա։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը այսօրվա և ապագայի նախագիծ է։ Հետևաբար՝ Ապագա կա՛, կա՛ Ապագա։

Հայաստանի Հանրապետության Քաղաքացի՛,

Պետությունը Դու ես,

Դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը»։