Ռուսաստանը աշխատում է Միացյալ Նահանգների հետ ուղիղ օդային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ, սակայն ամերիկյան կողմից համապատասխան արձագանք դեռևս չի եղել, լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է TASS-ը։
«Ի թիվս այլ բաների, այսօր Միացյալ Նահանգների հետ երկկողմանի հարաբերություններում մենք կենտրոնացած ենք ուղիղ օդային երթևեկության վերականգնման խնդրի վրա։ Ցավոք, ամերիկյան կողմից համապատասծան արձագանք չի եղել։ Մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրում, մեր համապատասխան գերատեսչություններն ու կառույցները ներգրավված են դրանում», - ասել է փոխնախարարը։
«Մենք հույս ունենք, որ մինչև այն պահը, երբ վերջին ամիսներին գրգռիչ հարցերի շուրջ երկկողմ խորհրդակցություններ անվանվող ձևաչափը վերսկսվի, Վաշինգտոնում ավելի կառուցողական վերաբերմունք կձևավորվի և մենք իրական առաջընթաց կգրանցենք այս հարցի լուծման գործում», - հավելել է Ռյաբկովը։
Ավելի վաղ նա նշել էր, որ Մոսկվան և Վաշինգտոնը կփորձեն հարաբերությունների «գրգռիչների» շուրջ հերթական հանդիպումն անցկացնել մինչև աշնան վերջ:
Փետրվարի 27-ին և ապրիլի 10-ին Ստամբուլում տեղի են ունեցել բանակցություններ՝ նվիրված Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանատների աշխատանքային պայմանների կարգավորմանը և երկու երկրների հարաբերություններում «գրգռիչները» հաղթահարելու ուղիների քննարկմանը։ Խորհրդակցությունների առաջին և երկրորդ փուլերում ՌԴ պատվիրակությունը գլխավորում էր Վաշինգտոնում ներկայիս դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյանը՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քոուլթերը։ Լրատվամիջոցների համար փակ առաջին հանդիպումը տևել է ավելի քան վեց ժամ, իսկ երկրորդ փուլի բանակցությունների տևողությունը կազմել է հինգուկես ժամ։