Սեպտեմբերի 20-ին Վայոց Ձորի Խաչիկ գյուղում կանցկացվի արդեն ավանդական դարձած Գաթայի փառատոնը։ Փառատոնի նպատակն է խթանել սահմանամերձ Խաչիկ գյուղի սոցիալ-տնտեսական զարգացումը, բարձրացնել բնակչության կենսամակարդակը և նպաստել գյուղի ճանաչելիությանը զբոսաշրջության տեսանկյունից։

Գաթան հայկական ավանդական խմորեղեն է, որը սերնդեսերունդ փոխանցվելով այսօր ներկայացնում է մեր խոհանոցի ինքնատիպությունն ու հարուստ մշակույթը։ Փառատոնի միջոցով գաթան հանրայնացվում է աշխարհում՝ միաժամակ նպաստելով Հայաստանի իրադարձային և գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացմանը։

Միջոցառման ընթացքում կկազմակերպվի ցուցահանդես-վաճառք․ այցելուներին կներկայացվեն Վայոց Ձորի և հարակից համայնքների բերքը, մարզին հատուկ ավանդական ուտեստներ, քաղցրավենիք, հորած պանիր և բազմաթիվ այլ համեղ կերակրատեսակներ։

Փառատոնի գլխավոր իրադարձություններից մեկն է աշխարհի ամենամեծ տրամագծով գաթայի կտրտումն է, որը տարեցտարի մեծանում է։ Այս տարվա գաթայի մեջ տեղադրվելու են 9 մետաղադրամ՝ խորհրդանշելով փառատոնի անցկացման 9-րդ տարին։

Այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու գաթա և արիշտա պատրաստելու վարպետաց դասերի, իսկ ողջ օրը կուղեկցվի հայկական ավանդական երգով ու պարով։ Բոլոր հյուրերը կարող են միանալ պարերին և կիսել տոնական տրամադրությունը։