ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ դերակատարություն է ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Sputnik Արմենիայի։

«Ստեղծել ժողովրդի համար այլընտրանքային մի քաղաքական ուժ, որը հիմնված կլինի թե՛ ծրագրային պլատֆորմի վրա, և թե՛ կապահովի այնպիսի համախմբում, որ Հայաստանում հնարավոր լինի ծավալել համաժողովրդական շարժում։ Սա գլխավոր նպատակն է»,- թվարկել է ՀԱԿ փոխնախագահը։

Այդ համախմբման հիմքում կլինի՞ ՀԱԿ-ը, կմասնակցի՞ արդյոք ընտրություններին։ Այս հարցին ի պատասխան Զուրաբյանը հիշեցրել է, որ իրենք այն քաղաքական ուժն են, որը Հայաստանին բերել է անկախություն, ղեկավարել 7 տարի, հետագա քաղաքական գործընթացներում էլ լուրջ դերակատարություն է ունեցել։


«Բնականաբար, մենք բոլորս ունենք պատասխանատվություն։ Տեր-Պետրոսյանը՝ որպես հիմնադիր նախագահ, նույնպես ունի պատասխանատվություն այն ամենի համար, ինչ կատարվել է, որովհետև Հայաստանի հետագա ղեկավարները շեղվեցին այն գծից, որը նա նախատեսում էր խաղաղության հաստատման առումով՝ ուժի դիրքերից խաղաղության հասնելու ճանապարհով։ Այսօր մենք տեսնում ենք, թե ինչ խեղճ վիճակում է հայտնվել մեր երկիրը, ինչքան ծանր պարտությունների ու կորուստների բովով է անցել։ Այս պայմաններում ո՛չ հիմնադիր նախագահը, ո՛չ էլ այն քաղաքական ուժը, որը նա ղեկավարում է, չեն կարող անտարբեր մնալ»,- ասել է Լ. Զուրաբյանը։

Նրա խոսքով, այսօրվա քաղաքական դաշտում առայժմ չկա որևէ կուսակցություն կամ թիմ, որը միայն իր նեղ շրջանակներով կարողանար ձևավորել այդպիսի շարժում, այսինքն՝ դաշտում բացակայում է հեղափոխական թափ ունեցող ուժը, բայց այն պետք է ստեղծվի։ Զուրաբյանը վստահեցրել է, որ ամեն ինչ իրենց շուրջ չի պտտվելու, քանի որ պատրաստ են գործակցել այլ ուժերի հետ։

«Համագործակցությունը պետք է կառուցվի իրատեսական և պրագմատիկ քաղաքական սկզբունքների վրա։ Խոսքը վերաբերում է ոչ թե այն կեղծ խաղաղությանը, որը երկիրը հասցրել է այսօրվա վիճակին, այլ իրական ծրագրի, որի հիմքում դրված է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը։ Այդ ծրագիրը պետք է ապահովի ոչ միայն կայուն խաղաղություն, այլև Հայաստանի տնտեսական զարգացումը։ Երևանը Մեղրիով կապող երկաթուղու կառուցման, մալուխային կապի ստեղծման, ավտոմոբիլային ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտություն պետք է լինի։ Այս ամենին պետք է գումարվեն տեխնոլոգիական լուրջ նախաձեռնություններ։ Առանց նեղ ոլորտներում ու խորշային տեխնոլոգիաներում առաջնային դիրքեր գրավելու, Հայաստանը չի կարող ապահովել իր կայուն տեղը համաշխարհային տնտեսական արևի տակ»,- ասել է Զուրաբյանը։

ՀԱԿ փոխնախագահը կարևորել է ժողովրդավարության ամրապնդումը, քանի որ Հայաստանում ներկայում ընթացող գործընթացներն ուղղված են ժողովրդավարության թուլացմանը։

ՀՀ ԱԺ ընտրությունները կկայանան 2026թ-ի հունիսի 7-ին։