Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիների աշնանային զինվորական ծառայության զորակոչի մասին: Փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում:
Հրամանագրի համաձայն՝ զորակոչը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Զինվորական ծառայության կզորակոչվի 18-ից 30 տարեկան 135,000 մարդ։
Սեպտեմբերի 22-ին ՌԴ ԶՈւ Գլխավոր կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի տեղակալ, փոխծովակալ Վլադիմիր Ցիմլյանսկին հայտարարել էր, որ աշնանային զորակոչի շրջանակում զորակոչիկները ծառայության անցնելու համար կուղարկվեն տեղակայման կետեր միայն Ռուսաստանի տարածքում և չեն ներգրավվի «հատուկ ռազմական գործողության» մեջ։
Նա նաև հավելել է, որ աշնանային զորակոչային քարոզարշավն իրականացվելու է Զինվորական հաշվառման միասնական ռեեստրի օգտագործմամբ։ Զորակոչի ընթացքում քաղաքացիներին ծանուցելու համար կկիրառվեն նաև թղթային ծանուցագրեր։
2024 թվականին աշնանային զորակոչի ընթացքում բանակ է զորակոչվել 133 հազար մարդ։ 2025 թվականի գարնանային զորակոչի ժամանակ ծառայության անցնելու է ուղարկվել 160 հազար մարդ։