Չինացի ինժեներները շահագործման են հանձնել աշխարհում ամենահզոր ցենտրիֆուգը, որն ի վիճակի է ստեղծել Երկրի ձգողականությունը 300 անգամ գերազանցող ձգողականություն։ Ինչպես հայտնել է «Սինհուա» գործակալությունը, սարքավորումը գտնվում է Չինաստանի արևելյան Չժեցզյան նահանգի վարչական կենտրոն Հանչժոու քաղաքում։
Չժեցզյանի համալսարանի կողմից մշակված CHIEF1300 ցենտրիֆուգը կարող է բարձրացնել մինչև 20 տոննա կշիռ։ Գլխավոր ինժեներ Լին Դաոշենի խոսքով՝ CHIEF1300-ը տեղադրված է գետնի տակ և հագեցած է վակուումային հովացման համակարգով՝ օդի դիմադրության և մեքենայի տաքացման բացասական ազդեցությունը նվազեցնելու համար։
Սարքը նախատեսված է ռեսուրսների արդյունահանման, տարերային աղետների կանխարգելման և հետևանքների մեղմացման, թափոնների ստորգետնյա թաղման և նոր նյութերի սինթեզի ոլորտներում հետազոտությունների համար։
Սարքի փորձարկումներն արդեն իսկ մի շարք արդյունքներ են տվել։ Մասնավորապես, հետազոտողները մոդելավորել են ուժեղ երկրաշարժեր՝ ստուգելու համար հիդրոէլեկտրակայանի պատվարի հիմքի սեյսմակայունությունը և քանակապես գնահատել են 4 մետրանոց ալիքի և 20 մետրանոց ցունամիի ազդեցությունը ծովի հատակի վրա։
Օբյեկտը բաց է միջազգային համագործակցության և առաջատար գիտական հետազոտությունների ոլորտում համագործակցության համար: Համալսարանի ներկայացուցիչները անհամբեր սպասում են առաջատար համաշխարհային հետազոտական խմբերի հետ համագործակցությանը՝ գիտական հայտնագործությունները արագացնելու և նորարարությունը խթանելու համար: