«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շիշ բռնելով հայտնի դարձած Հայկ Սարգսյանը, որը չի ընտրվել ՔՊ վարչության անդամ, փորձում է վրեժխնդիր լինել հարազատ թիմից՝ անվանարկելով այն:
Սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով կուսակցության ներսում իր նկատմամբ հարուցված վարույթին, հայտարարեց. «Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու հարցով դիմել է ՔՊ կուսակցության վարչությանը 2025թ. մարտի 4-ին: Հիշեցնեմ՝ դա այն օրն էր, երբ ԱԺ-ում քննարկվում էր իմ կողմից շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը: Բարեբախտաբար, այդ վարույթը չխանգարեց, եւ օրենքն ընդունվեց հաջորդ օրը: Սա ինչու եմ ասում, որովհետեւ ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել. ինչո՞ւ է իմ գործընկեր Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել հենց մարտի 4-ին, ոչ թե մեկ այլ օր»,- ասել էր Սարգսյանը։

Սիմոնյանին մեղադրելուց հետո Սարգսյանն անցավ հարազատ կուսակցության անունը սեւացնելուն եւ ասաց, որ կուսակցության հայտարարության մեջ առկա պնդումը, թե այս վարույթի պարզաբանման համար նրան 2 անգամ կանչել են Վերահսկող հանձնաժողով, չի համապատասխանում իրականությանը, եւ ինքը որեւէ առաջարկ չի ստացել կուսակիցներից՝ իր դիմումի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու համար։

 

Ստացվում է, որ Հայկ Սարգսյանը երբեմնի սիրելի կուսակցությանը ստախոս դարձրեց։

Բայց դա դեռ քիչ էր, մամուլին մեղադրեց, որ երբեւէ ով ինչ գրել է իր մասին՝ բուքմեյքերական ընկերությունների կողմից ուղղորդված թիրախավորում է եղել: «168am», «Հրապարակ», «Ժողովուրդ» եւ մյուս ԶԼՄ-ներին նա բնութագրեց իրեն թիրախավորողներ, որոնք գովազդում են բուքմեյքերներին:

Հայկ Սարգսյանը թերեւս մոռացել է, որ ինքն է եղել այն կոճակը սեղմողներից մեկը, որով 7 տարուց ավելի է բուքմեյքերական գովազդները մեդիայում արգելված են, ուստի այդտեղ էլ նա ստեց: Բայց իր ստերի մեջ այնպես էր խճճվել պատգամավորը, որ սկսեց հերքել նաեւ լուսանկարները:

 

Թեեւ ՔՊ պատգամավորը խոստովանել էր, որ քրեական հեղինակություն «Տույ»-ի հետ ծանոթացել է մահվան դեպքից 3 տարի առաջ հյուրանոցում, բայց ասաց, թե «մեր երկիրը փոքր է» ուղղակի ծանոթ է եղել:


Իսկ լուսանկարները քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի» եւ ՔՊ-ական կրիմինալ Մհեր Ախտոյանի հետ անհերքելի փաստերի շարքից են։ Թեեւ դա էլ էր փորձում հերքել Հայկ Սարգսյանը, թե դա վաղուցվա ֆոտո է, ինքը օրինապահ պատգամավոր է եւ քրեական ենթամշակույթը մերժում է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: