«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում՝ բոլոր ընդդիմադիրներին ռուսական լրտես որակելու համար:

Բայց պարզվում է՝ ՌԴ-ն որոշել է փոխել իր տակտիկան: Հայաստանյան այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք դիմել են ֆինանսական աջակցության համար, կտրուկ մերժել են՝ պատճառաբանելով, թե «ձեր պայքարը բիզնեսի մի վերածեք, մեր հաշվին փող մի աշխատեք»:

Որոշել են այս անգամ միայն բարոյական աջակցություն ցուցաբերել եւ միայն այն թեկնածուներին եւ ուժերին, որոնք պատրաստ են ներդնել իրենց միջոցները: Ամբողջ քարոզարշավը պիտի ֆինանսավորվի հենց այս բանաձեւով:

Ասում են՝ նույն տակտիկան են կիրառել նաեւ Մոլդովայում, որը թեեւ արդյունավետ չի եղել, բայց այս պահին չեն պատրաստվում տակտիկան փոխել: Մեզ հաջողվեց պարզել, որ Հայաստանից այդպիսի ուժեր արդեն իսկ կան, որոնց թեկնածուները գնացել են, ասել են՝ փողի կարիք չունենք, եթե կարող եք այլ կերպ օգնել կամ գոնե չխանգարել, էլի շնորհակալ կլինենք: Մի կողմից լավ է, որ քարոզարշավի հաշվին փող աշխատող ուժեր այս անգամ չեն լինի, մյուս կողմից՝ գործող իշխանությունը չի կարողանա ՌԴ-ի շպիոնի պիտակ կպցնել ընդդիմադիրներին: Բայց անհասկանալի է, թե Ռուսաստանն ինչով կարող է աջակցել, եթե ֆինանսապես էլ չի օգնելու:

Իսկ Փաշինյանն իր արեւմտյան հովանավորներից ամբողջ ծավալով աջակցություն է ստանալու՝ սկսած քաղբանտարկյալների ու քաղաքական հակառակորդների դեմ անօրինական պայքարի վրա աչք փակելուց, վերջացրած ֆինանսով ու «եվրոպական երջանիկ ապագայի մասին» հեքիաթներով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: