Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 5-ին Հայաստանը կունենա կունենա մեկ մասնակից: Պայքարի մեջ կմտնի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 2025 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 22-ամյա Գոռ Սահակյանը, որը հանդես կգա 71 կգ քաշային կարգում: A խմբի մրցումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին։

Գոռ Սահակյանը 2018 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2021 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն, 2022 թ. աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2022 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն:

Մեծահասակներում նորամուտը նշել է 2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում, որտեղ 67 կգ քաշայինների պայքարում երկամարտի 370 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն (145+175):

2023 թ. սեպտեմբերին Սահակյանն առաջին անգամ մասնակցեց նաեւ մեծահասակների աշխարհի առաջնությանը: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած առաջնությունում երկամարտի 312 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ (142 +170):

2024 թ. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Գոռ Սահակյանը երկրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ 67 կգ քաշային կարգում Սահակյանը երկամարտում հավաքեց 311 կգ (140+171)։

Հոկտեմբերին Լեհաստանում անցկացված Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում երկամարտի 320 կգ արդյունքով (140+180 կգ) նվաճեց ոսկե մեդալ:

2024 թ. Բահրեյնում անցկացված աշխարհի առաջնությունում 73 կգ քաշայինների պայքարում Սահակյանը երկամարտում գրանցեց 331 կգ արդյունք (146+185) եւ պայքարն ավարտեց 8-րդ տեղում:

2025 թ. ապրիլին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված Եվրոպայի առաջնությունում 73 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը երկամարտի 338 կգ արդյունքով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը (153+185):

Ֆյորդե քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային կարգում տիտղոսի համար կպայքարի 9 ծանրորդ: Գոռ Սահակյանը հիմնական ֆավորիտն է: Երկամարտում նրա նախնական հայտը 350 կգ է, որն ամենաբարձրն է: Նրանից 4 կգ-ով պակաս են պատվիրել թուրք Յուսուֆ Գենչը:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 7 մարզիկով է կմասնակցում աշխարհի առաջնությունյանը: Տղամարդկանց պայքարում կլինեն նաեւ Սուրեն Գրիգորյանը (88 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ 110 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+110 կգ):

Կանանց պայքարում կլինի միայն Աննա Ամրոյանը (77 կգ):

Հոկտեմբերի 7

88 կգ - Սուրեն Գրիգորյան` 19:00

Հոկտեմբերի 8

77 կգ - Աննա Ամրոյան (B խումբ)` 19:00

Հոկտեմբերի 10

110 կգ - Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան` 21:30

Հոկտեմբերի 11

+110 կգ - Վարազդատ Լալայան` 18:00