Զարուհի Փոստանջյանի հարցի շուրջ ստեղծված աղմուկը խլացրեց Ազգային ժողովում նույն օրն արված մի հայտարարություն, որի հեղինակը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Ի պատասխան ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցի՝ հայ-ռուսական գազային պայմանագիրը տրամադրելու վերաբերյալ, Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ պայմանագիր դեռ չկա ու երբ լինի, այն անպայմանորեն ներկայացվելու է պատգամավորներին:
Թվում է, որ հասարակության ուշադրությունը պետք է գրավեր այս հայտարարությո՛ւնը, ոչ թե Զարուհի Փոստանջյանն ու նրա հարցը: Սակայն հասարակությունը անհաղորդ մնաց: Մինչդեռ, խորհրդարանում երեկ պարզվեց, որ առնվազն էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ամիսներ շարունակ հրապարակավ սուտ է խոսել, իսկ կառավարությունը, իշխանությունը ամբողջությամբ ուղղակի լսել է նրա սուտը եւ չի փորձել փակել ստախոսի բերանը: Այսինքն՝ Արմեն Մովսիսյանը մի քանի ամիս է՝ գազի գնի թանկացման «ՀայՌուսգազարդի» հայտին զուգահեռ հայտարարում է, թե կոնկրետ չի հիշում՝ երբ է Ռուսաստանը թանկացրել Հայաստանի գազը, բայց դա եղել է ընտրություններից հետո: Նկատենք, Արմեն Մովսիսյանը չէր ասում, թե թանկացման հայ-ռուսական պայմանագիր դեռ չկա, ի՜նչ թանկացում, ի՜նչ բան: Նա ընդամենը ասում էր, որ չի հիշում, թե կոնկրետ որ օրն էր թանկացումը: Եվ այս ամենը Մովսիսյանը ասել է մի քանի անգամ ու հրապարակավ:
Այսպիսով՝ տեղի է ունեցել հասարակության հանդեպ մեծ խաբեություն, քանի որ հիմա պարզվում է, որ գազի գնի նոր պայմանագիր չկա: Ընդ որում՝ չի հայտարարվում, որ կա նոր գնի սահմանման որեւէ այլ իրավական փաստաթուղթ: Հետեւաբար, կա՛մ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իշխանությունը պարզապես ամենացինիկ ձեւով խաբել է, կամ էլ հայ-ռուսական հարաբերությունները բարձրացել են որակապես լիովին այլ մակարդակի, եւ այստեղ արդեն փաստաղթղթերի կարիք չի զգացվում...»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):