Վաշինգտոնյան փաստաթղթերը փորձում են ներկայացնել որպես «խաղաղության խաչմերուկ» թեզի շրջանակներում, իբրև դրա շարունակություն կամ գործնական քայլ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Յուրաքանչյուր երկրի տրանզիտային ներուժը բաղկացած է երեք մասից. առաջինը երկրի աշխարհաքաղաքական դիրքն է, երկրորդը ռելիեֆն է, երրորդը ճանապարհային ցանցերի վիճակն է՝ որակը, զարգացվածությունը և այլն։ Առաջին երկու պայմանը պարտադիր են, եթե այդ պայմանները կան, ապա երրորդը՝ ճանապարհների վիճակը, ներդրումների, աշխատանքի հարց է։
Հիմա առաջարկում եմ նայենք քարտեզին ու հասկանանք, թե ինչ է նշանակում «խաղաղության խաչմերուկը» և ինչ տրանզիտային ներուժ ունի Հայաստանը։
Թուրքիան ու Վրաստանը ունեն բոլոր հնարավորությունները շրջանցելով Հայաստանը հաղորդակցվել իրար հետ։ Թուրքիա–Ռուսաստանը ևս կարող են, Վերին Լարսում թուրքական մեքենաները շատ ավելի շատ են, քան հայկականները։ Վրաստան–Ադրբեջանի դեպքում ևս ամբողջությամբ հնարավորությունը կա տրանսպորտային կապը կա և հիմնական ակտիվ աշխատող միջանցքը Կասպից և Սեւ ծովերի միջեւ հենց սա է։ Իրանը և Ադրբեջանը եւս բոլոր հնարավորություններն ունեն հաղորդակցվելու և Իրան–Ադրբեջան առևտուրը ոչ ոք չի անում Հայաստանի տարածք մտնելով։ Նույնը Թուրքիայի և Վրաստանի դեպքում։ Անիմաստ է ուղղակի։ Ոչ մի բեռնատարի վարորդ Հայաստանով չի փորձելու գնա Վրաստան։ Իրան–Թուրքիայի դեպքում ևս նույն վիճակն է։
Ըստ էության, Հայաստանն իր աշխարհագրական դիրքով այս երկրների համար տրանզիտային ներուժ գրեթե չունի, բայց մեկ բացառություն կա՝ Ադրբեջան–Թուրքիա։ Ադրբեջան–Թուրքիա հարաբերություններում ենթադրվող միջանցքը իսկապես էական նշանակություն ունի և դա ունի մի քանի բաղադրիչ։ Որպես թուրքական պրոյեկտ ինքն իսկապես ունի տրանզիտային ներուժ։ Եվս մեկ հանգամանք, յուրաքանչյուր տրանսպորտային միջանցք նաև աշխարհաքաղաքական ներուժ է, գործոն է այդ երկրի համար։ Հայաստանի տարածքի միայն այն մասը, որն ունի տրանզիտային ներուժ, տրվում է ԱՄՆ–ին երկարատև պայմանագրով կառավարման։ Տրվում է ՀՀ–ի միայն այն հատվածը, որն իր մեջ ունի տրանզիտային ներուժ, նաև աշխարհաքաղաքական կշիռ»,– հայտարարեց Քոչարյանը։
Անդրադառնալով հարցին, ե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը TRIPP–ից, նա ասաց. «Առաջինը, եթե Երասխ–Ջուլֆա–Իրան երկաթուղին սկսի աշխատել, մենք կստանանք երկաթուղային կապ Իրանի հետ։ Եվ եթե ստանանք երկաթուղային կապ Ադրբեջանի տարածքով։ Այդ երկու գործոնն են միայն հետաքրքիր Հայաստանի համար։ Եթե այս երկու բանը Հայաստանը չի ստանում, ամբողջ պրոյեկտը անիմաստ և վտանգավոր է Հայաստանի համար։
Հայտարարվել է, որ կառուցվում է Կարս–Իգդիր–Նախիջևան երկաթուղին։ Սա նշանակում է, որ երկաթուղային կապը այս միջանցքով կարող է անխափան աշխատել, բայց կապը Հայաստանի հետ կարող է չաշխատել։ Մենք արդյունքում ոչինչ չենք ունենալու Իրանի և Ռուսաստանի հետ կապ ունենալու հարցում։
Եթե նման ռիսկը իրականություն դառնա, կարո՞ղ ենք մենք ինչ–որ ձեւով ստիպել ԱՄՆ–ին, որը կառավարող է լինելու Թրամփի ճանապարհին, խիստ կասկածում եմ»,– ընդգծեց նա։