Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը հայտարարել է Ֆարս նահանգի հարավում գտնվող Փազան հանքավայրում գազի և նավթի նոր պաշարների հայտնաբերման մասին՝ նշելով, որ այս գտածոն կարող է օգնել երկրում ապագա էներգետիկ անհավասարակշռությունը փոխհատուցելու համար, հայտնում է Mehr-ը։

Փաքնեժադը երկուշաբթի օրը հայտարարել է, որ հայտնաբերումը կավելացնի Իրանի գազի պաշարները մոտ 10 տրիլիոն խորանարդ ֆուտով։

Նա հավելել է, որ այս կարևոր հայտնագործությանը հանգեցրել են Ֆարս նահանգի հարավային մասում գտնվող և մինչև Բուշերի հյուսիսը տարածվող Փազան հանքավայրում իրականացված հետախուզական աշխատանքները։

Նա ասել է, որ Փազան հանքավայրը գտնվում է Բուշեր նահանգի Ջամ քաղաքից մոտավորապես 21 կիլոմետր հեռավորության վրա և հավելել է, որ այս հետախուզական աշխատանքները Իրանի գազի ընդհանուր պաշարներն ավելացրել են 10 տրիլիոն խորանարդ ֆուտով։

Փաքնեժադը նշել է, որ տարածքում հետախուզական աշխատանքների ութ տարվա ընդմիջումից հետո վերջերս ավարտվել է երկրորդ հետախուզական հորատանցքի բացումը, ինչը նշանակալի նվաճում է։

Նա նաև նշել է, որ Փազան նավթագազային հանքավայրի շահագործման պայմանագիրն արդեն կնքվել է, և աշխատանքներն ակնկալվում է սկսել մոտ ապագայում։ Նրա կանխատեսումներով՝ հանքավայրում արդյունահանումը կսկսվի 40 ամսվա ընթացքում։