Եվրոպական օդանավակայանների, ռազմական բազաների և պաշտպանական գործարանների մոտակայքում անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ դիտարկումները հարց են բարձրացրել, թե ինչպես վարվել նման անհայտ թռչող սարքերի հետ։ Գերմանիայի կառավարությունը որոշել է. պետք է խոցել։
Կաբինետը չորեքշաբթի հաստատել է մի օրինագիծ, որը ոստիկանությանը լիարժեք լիազորություններ է տալիս չեզոքացնելու Գերմանիայի օդային տարածքը խախտող անօդաչու թռչող սարքերը, հաղորդում է Reuters-ը։ Մասնավորապես, նրանք լիազորված կլինեն զենք կիրառել ԱԹՍ-ների դեմ, եթե դրանք լուրջ վտանգ սպառնան կամ եթե ի վիճակի են լուրջ վնաս հասցնել։ Դրանց դեմ պայքարելու համար կարող են կիրառվել նաև լազերներ կամ անօդաչու թռչող սարքերի կառավարման և ուղղորդման համար օգտագործվող ազդանշաններին խանգարող ռադիոէլեկտրոնային պայքարի եղանակներ։
«Անօդաչու թռչող սարքերի միջադեպերը սպառնում են մեր անվտանգությանը,- Х-ում գրել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ -Մենք դա թույլ չենք տա։ Մենք ընդլայնում ենք դաշնային ոստիկանության լիազորությունները, որպեսզի ապագայում անօդաչու թռչող սարքերը կարողանան ավելի արագ հայտնաբերվել և չեզոքացվել»։ Օրինագծին դեռ պետք է հավանություն տա խորհրդարանը։
Դաշնային ոստիկանության կազմում կստեղծվի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հատուկ ստորաբաժանում, ինչպես նաև խորհրդակցություններ կանցկացվեն Ուկրաինայի և Իսրայելի հետ, որոնք ավելի մեծ փորձ ունեն անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիայի ոլորտում, հավելել է Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը: Նա նշել է, որ ոստիկանությունը կպայքարի ծառերի բարձրության թռչող անօդաչու թռչող սարքերի դեմ, իսկ պետք է ավելի հզոր սսարքերով զբաղվեն զինվորականները։
Անհայտ անօդաչու թռչող սարքերի հետ վարվելու հարցը հրատապ խնդիր է դարձել շատ եվրոպական երկրների համար՝ վերջին ամիսներին բազմաթիվ դիտումների պատճառով: Օդային երթևեկության կառավարման և օդային նավիգացիոն ծառայությունների համար պատասխանատու դաշնային գործակալության՝ Deutsche Flugsicherung (DFS) տվյալներով՝ 2025 թվականի հունվարից մինչև սեպտեմբերի վերջ Գերմանիայում գրանցվել է անօդաչու թռչող սարքերին առնչվող օդային երթևեկության 172 խախտում, նույն ժամանակահատվածների 2024 թվականի՝ 129 և 2023 թվականի 121 խախտումների համեմատ։
Անցյալ ուրբաթ Գերմանիայի երկրորդ խոշորագույն Մյունխենի օդանավակայանում տասնյակ չվերթներ են վերահասցեավորվել կամ չեղարկվել անօդաչու թռչող սարքերի հայտնվելու պատճառով, որոնք անդրադարձել են ավելի քան 10 հազար ուղևորների ճանապարհորդության ծրագրերի վրա։
Վերջերս Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Լիտվայի և Ռումինիայի իշխանությունները թույլատրել են իրենց անվտանգության ծառայություններին խոցել իրենց օդային տարածքը խախտող անօդաչու թռչող սարքերը: Այլ երկրներ ևս պետք է որոշեն «ճիշտ գործողությունների կանոնակարգը» նման օբյեկտներ հայտնաբերելիս, դրանց թվում՝ որոշելու համար, թե որտեղ է ավարտվում ոստիկանության պատասխանատվությունը և սկսվում ընկերությունների պատասխանատվությունը, հայտարարել է Եվրոպայի խոշորագույն պաշտպանական ընկերություններից մեկի՝ Thales-ի բելգիական ստորաբաժանման տարածաշրջանային տնօրեն Ալեն Կևրինը։
Thales-ի ռազմական գործարանների վերևում հայտնվել են անօդաչու թռչող սարքեր, և ընկերությունը կարող է դրանք խոցել խլացուցիչների միջոցով: Սակայն «օրենքով մեզ թույլատրված չէ» դա անել, մասամբ այն պատճառով, որ անօդաչու թռչող սարքերը անկման դեպքում կարող են վնաս կամ վնասվածքներ պատճառել մարդկանց, պարզաբանել է Կևրինը: Նա միաժամանակ Thales-ի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար արտադրվող բելգիական հրթիռների պահանջարկը «աննախադեպ» է որակել: Ընկերությունը տասնյակ նոր պատվերներ է ստացել, երբ սեպտեմբերին Լեհաստան ներթափանցել են երկու տասնյակ ռուսական անօդաչու թռչող սարքեր, որոնցից մի քանիսը խորացել են երկրի 250 կմ տարածքը: