ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտի իմպիչմենթի գործընթացին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21–ին, ԱԺ նիստում հայտարարեց իմպիչմենտի գործընթացը նախաձեռնած ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
ԱԺ-ում քննարկվում է «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ներկայացված «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն։ Այդ իսկ պատճառով նստաշրջանի օրակարգ ընդգրկվելու համար հարցը քննարկվում է առանձին։ Հարցի քննարկումից հետո կկայանա քվեարկություն։
Հայտարարության նախագիծը ներկայացնելիս՝ Հայկ Մամիջանյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է օր առաջ հեռացնել իշխանությունից, իսկ դրա միակ գործիքը իմպիչմենտն է։
«Իմպիչմենտի հիմնական ուժը, հաջողության հասնելու կարևորագույն գրավականը հանրային լայն համախմբումն է՝ փողոցային պայքարով։
Հունիս 7-ին, երբ այս գործընթացը նախաձեռնվեց, ձևաթղթի տակ ստորագրել էին 6 պատգամավոր, հոկտեմբերի 8-ին՝ փաստացի ձևաթղթի տակ արդեն իսկ առկա է 34 ստորագրություն։
Անցյալ շաբաթ հանդիպել եմ ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ՝ քննարկելու իմպիչմենտի գործընթացին նրա և անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցության հարցը։
«Այս պահին կարող եմ հայտարարել, որ նրանք չեն խոչընդոտելու իմպիչմենտի գործըթնացին և քննարկումները շարունակվելում են»,- ասաց Մամիջանյանը։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Բրավո Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին։
Ուրախ եմ, որ միմյանց հետ հանդիպում, խոսում եք»։